Ռուսական հայտնի ասացվածք կա՝ «после драки кулаками не машут»՝ կռվից հետո բռունցքները չեն թափահարում։ Մինչդեռ ՀՀ ընդդիմությունը, որը մի քանի ճակատով, գլխով ու դիրիժորով ընտրական ռինգ՝ կռվի էր դուրս եկել՝ վերջապես, հերթական փորձից գետնելու, տապալելու Նիկոլ Փաշինյանին, զբաղված է հենց վերոհիշյալ գործողությամբ՝ բռունցքները զուր թափահարելով։ Այս վարքագիծն, ի դեպ, հանրությանը քաջածանոթ, նույնիսկ՝ դեժավյու հարուցող գործողություն է։ Գրեթե չեն եղել համապետական ընտրություններ, որոնցից հետո ընդդիմությունը չբողոքի դրանց արդյունքներից, չդիմի ՍԴ, դժգոհության ու անհամաձայնության ակտեր չցուցադրի, ակցիաներ չկազմակերպի։ Այդիսի դրսևորումների ականատես ենք եղել մասնավորապես 1996-ի, 2003-ի, 2008-ի, 2013-ի, 2021-ի համապետական ընտրություններից հետո, տարեթվեր, որոնցից որոշների դեպքերում ընտրողների արդար ցասումը լռեցվել է «դուբինկաների» ու արյան մեջ, ինչպես օրինակ 1996-ին, 2004-ին և 2008-ին։
2026-ի ընտրություններին հաջորդած պրոցեսները, կարծեք, միտում ունեն կրկնելու վերոհիշյալ թվականներին արձանագրված հետընտրական պատկերը՝ ընդդիմությունն, այսպես ասած՝ բողոքի, ընդվզման իմիտացիայով է զբաղված, փորձում է ցույց տալ, թե իբր շահագրգռված է խորհրդարան անցնելու շեմը չհաղթահարած ԲՀԿ-ի ճակատագրով, աղաղակում է վերջինիս օգտին քվեարկած ձայների գողության մասին, ընդհուպ շրջանառության մեջ է դրել «ձայնագող» տերմինն ու դրանով է կոչում կառավարող ուժին․․․․Գրեթե համոզված ենք, որ հետընտրական այս սենտիմենտալ զեղումները շատ շուտով դադարելու են և ամեն ոք գնալու է իր բան ու գործին․ գուցե փողոցը որոշակիորեն ակտիվ լինի ևս մեկ-երկու շաբաթ, ընդդիմությունը շարունակի մնալ չհաշտվողի, ընդվզովի «վայբի» մեջ․․․բայց ինչ որ բան հուշում է, որ «պլյաժնի սեզոնը» բացվելուն պես բողոքական ընդդիմությունը մեկնելու է հանգստի, լիցքաթափվելու է ընտրական «տասովկաների» հարուցած լարվածությունից, հայտնի արտաքին կենտրոնում լիցքավորվելու է ռազմահայրենասիրական լիցքերով ու կազմ-պատրաստ, կուշտ ու գոհ ներկայանալու է օգոստոսի սկզբին մեկնարկելիք՝ նորընտիր ԱԺ-ի նիստին։ Ընդ որում, կարելի է արդեն իսկ կանխատեսել, որ անցած 5 տարիների համեմատ առանձնապես որակյալ աշխատանքի՝ կառուցողական քննադատության, պետականամետ դիրքորոշումների, օրենսդրական նախաձեռնությունների ականատես չենք լինելու։ «Հայաստան» դաշինքը, հավատարիմ իր «քնարին, ձեռագրին, տաղանդին ու ձեռնահասությանը», նորեն ամբիոնը կդղրդացնի իր հայտնի՝ «զիջողականության» ու հանձնողականության» մասին տեքստերը քոքելով, «Ուժեղ Հայաստան»-ն էլ, որպես նորահայտ «աստղ», կձայնակցի հայտնի «հեղինակ կատարողներին», գուցե նոր «արանժիրովկայով»՝ մատուցելով արդեն հայտնի ու հոգնեցրած քաղաքական «հիթերը»․․․Մի խոսքով, ինչպես հայտնի երգում է երգվում՝ «կարող է պատահի, կարող է՝ ոչ, ․․․․, և վաղն ամեն ինչ կսկսվի նորից»։
Բայց նախքան այդ նկատենք, որ ընտրապայքարին մասնակցած 6 քաղաքական ուժեր, մասնավորապես «Ուժեղ Հայաստան», «Հայաստան», ԲՀԿ, ՀԱԿ, «Լուսավոր Հայաստան», ԱԺԲ, հայտարարությամբ են հանդես եկել և, գանգատվելով, տրտնջալով նախընտրական և բուն ընտրական պրոցեսի ժամանակ իրենց գնահատմամբ տեղի ունեցած մի շարք գործընթացներից՝ գուժել են՝ «երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»։ Ամենացնցողն ու անսպասելին, նկատենք, հայտարարության վերջաբանն է՝ «մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները»։
Թվում էր, թե այնպիսի տագնապահարույց տերմին գործածելուց հետո, ինչպիսին «էսկալացիան» է, քաղաքական վերոհիշյալ 6 ուժերը պետք է ազդարարեին միասնական ճակատով փողոցային պայքար սկսելու մասին՝ չհաշտվելով ընտրությունների արդյունքների հետ, այսպես ասած՝ էսկալացնելով հետընտրական դժգոհություններն ու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնեին փողոցային պայքարի ճանապարհով, սակայն՝ ոչ։ Ընդդիմադիր վերոհիշյալ խմբակը, հաշվի առնելով իր տխուր, ձախորդ փորձառությունը, քաջ գիտի, որ չի կարող փողոց, կրիտիկական զանգված գեներացնել, այլապես իր՝ հավաքական ընդդիմության օգտին քվեարկած ու ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն ավելին քան կես միլիոն քաղաքացիները առանց հրահանգի ու կոչի, ինքնաբուխ դուրս կգային փողոցներ։ Ցույց տվեք, հապա, Երևանի կամ հանրապետության որևէ փողոց, որտեղ այս պահին թեկուզ բողոքի լոկալ ակցիա է տեղի ունենում։
Ինչն է ուշագրավ վկայաբերված հայտարարության մեջ՝ հետընտրական անհամաձայնության համատեքստում վեցնյակը որոշել է պաշտպանել մի բան, որն առնվազն 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո պաշտպանության կարիք չունի՝ «քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքն» ու «ՀՀ պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները»։ Այս երկու իրողությունները պաշտպանելու իր հանձնառությունը, կհամաձայնեք, կառավարող ուժը կատարում է ամենաբարձր մակարդակով ու բարեխղճությամբ։ Հակառակի դեպքում, ի դեպ, ՀՀ քաղաքացիների կամքը բռնաբարված կլիներ, ինչպես, օրինակ, հենց իրենց՝ նախկին ռեժիմի օրոք, խորհրդարան էլ կանցնեին ոչ թե այդ քաղաքացիների ձայները վաստակած, այլ այն «գրպանային» ուժերը, որոնց «դաբրո» կտար իշխանությունը, և որ ամենակարևորն է՝ այն տոկոսներով, որոնք «կխփեր» նույն այդ իշխանության գլուխը։ Ականջդ կանչի, Սերժ Սարգսյան։ Ինչո՞ւ միայն Սերժ Սարգսյան։
Հ․Գ․ Ի դեպ, ցինիզմի՞ (թե՞ անբարոյականության) վկայությունն է այն, որ ՀԱԿ-ը, «Լուսավոր Հայաստան»-ն ու ԱԺԲ-ն են միացել հիշյալ անհեթեթագույն՝ մանիպուլյատիվ, կեղծիքներով ու հավելագրումներով լի հայտարարությանն ու փաստորեն, բողոքում են «քաղաքական հետապնդումներից ու ձերբակալություններից», «ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտումից», «տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահումից», և, ուշադրություն՝ «տորթի վրայի բալը»՝ «նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար»։ Զգացի՞ք՝ ոչ մի խոսք ընտրողի ազատ կամարտահայտությունը աղճատող, բռնաբարող, նվաստացնող ընտրակաշառքի, արգելված բարեգործության, արգելված քարոզչության, պետության դեմ կատարված գործողությունների մասին։ Այ եթե հայտարարության տակ ստորագրած ուժերը «շշկռեին» ու ընտրակաշառքի մասին գրեին, ամեն ինչ կընկներ իր տեղը՝ կպարզաբանվեին ձերբակալությունների, շտաբերի գործունեության խոչընդոտման և մյուս հանգամանքերը։ Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ ս․թ․ փետրվարի 7-ից 115 քրեական վարույթ է նախաձեռնվել կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ, որոնցից 77-ը վերաբերել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին, 24-ը՝ ԲՀԿ-ին, 11-ը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ Այս վարույթներն ու դրանց շրջանակներում ձերբակալված, կալանավորված անձինք վկայում են ընտրությունների օբյեկտիվ պատկերի խեղաթյուրման մասին և, այո, նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ՝ խորհրդարանական ընդդիմությանը լեգիտիմ և ժողովրդի մի մասի վստահությունը վայելող համարելու համար։ Հետևապես, եթե ապագա ԱԺ-ի լեգիտիմությունը կասկածի տակ է, ապա միմիայն այդտեղ հայտնվելիք խորհրդարանական ընդդիմության մասով։ Եվ ուրեմն, հերթական անգամ ունենք ժողովրդի մեծամասնության քվեով (726 հազար 819 ձայն) ձևավորված լեգիտիմ իշխանություն և ոչ լեգիտիմ՝ ընտրակաշառքի ու այլ զեղծարարությունների, փաստացի ձայնագողության «գնով» ձևավորված խորհրդարանական ընդդիմություն։
Հ․Մ․






































