Միրզոյանի գնահատմամբ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգն ավելի ընդգրկուն է, քան հիմնարար համաձայնագրով նախատեսվածը

Հայաստանը և Եվրամիությունը վերջին շրջանում դրական իմաստով վերանայում են հարաբերությունները և դրանք ընդգրկող օրակարգը։

Այս մասին Ազգային ժողովում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) նախատեսված և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերի իրագործման ընթացքին:

«Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ՝ CEPA-ն, որը կոնկրետ ուղղություններ և գործողություններ արդեն իսկ կանխորոշում է։ Երբ ես ասում եմ, որ վերանայում է տեղի ունենում, նկատի ունեմ հետևյալը՝ այժմ քննարկվում են հարցեր և տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան կանխորոշում, նախատեսում է CEPA-ն»,-ասաց արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ եթե, օրինակ, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն մեկնարկի, ապա դա նախատեսված է այդ համաձայնագրով, սակայն կան նաև քննարկվող այլ գործիքներ։

«Հիմա համահունչ նրան, ինչ հայտարարեց ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում, համահունչ նրան, ինչ հայտարարվեց ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում և արդյունքներով, առնվազն՝ Հայաստան-Եվրամիություն կտորով, ահա այս հայտարարություններին ու դիրքորոշումներին համահունչ մենք Եվրոպական Միության հետ քննարկում ենք CEPA-ն և դրանից անդին նոր գործիքներ»,-մանրամասնեց Միրզոյանը՝ հավելելով, որ երկուստեք առկա է հարաբերությունները խորացնելու քաղաքական կամք։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ դրանք ընդգրկում են բազմապիսի ոլորտներ՝ ավիացիա, տնտեսական դիվերսիֆիկացիա, շուկաների մոտարկում, որակների ստանդարտների բարձրացում և այլն։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նշանակում է CEPA-ում ներառված ոլորտների ընդլայնում, արտգործնախարարը պարզաբանեց, որ տեխնիկապես նոր պայմանագիր չկա և չի կնքվում, հետևաբար՝ պայմանագրից բխող գործողություններն էլ չեն փոխվի, բայց պայմանագիրը չի սահմանափակում այլ համատեղ գործողություններն ու ծրագրերը։

«Այսինքն, մենք CEPA-ն կշարունակենք ամբողջական իմպլեմենտացիայի ուղղությամբ և զուգահեռաբար մեր երկկողմ հարաբերությունների օրակարգ ենք ներմուծում այլ տարրեր, որոնք ոչ պակաս կարևոր են»,-եզրափակեց Միրզոյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031