ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատումը, կարելի է ասել, ավարտվել է․ Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման կետ, դրել ենք ինչ-որ սկզբունքներ, որոնք հետագայում օգտագործվելու են սահմանը վերարտադրելու համար»,- ասաց նա։

Վերջինս ընդգծեց՝ ՀՀ տարածքից չի զիջվել, չի զիջվում, չի զիջվելու, չի քննարկվել, չի քննարկվում, չի քննարկվելու, և դրա մասին նույնիսկ խոսակցություն տեղի չի ունեցել և չի կարող տեղի ունենալ:Հարցին՝ այդ դեպքում կիրանցիներին ի՞նչ փոխհատուցումներ տալու մասին է խոսքը, եթե ՀՀ սուվերեն տարածքից 1 միլիմետր չի զիջվում, Սիմոնյանը պատասխանեց. «Փոխհատուցումները տրվում են այն բանի համար, որ այդ մարդկանց իրավիճակն այդ սահմանային փոփոխության հետևանքով ինչ-որ ձևով փոխհատուցվի: Բայց դա չի նշանակում, որ մենք տալիս ենք այն, ինչ պատկանում է ՀՀ-ին, և չի նշանակում, որ նույն կիրանցիները, օրինակ, երբ ավելանում է մի քանի հեկտարով, իրենք վերցնում են Ադրբեջանից»:

Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը ընտրել են հստակ քարտեզ, որի տակ կա իրավական հիմք՝ հաստատված և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից․ «Հայաստանի Հանրապետության սահմանն այն սահմանն է, որով Հայաստանի Հանրապետությունն անկախացել է։ Այստեղ վերադառնում ենք Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և մնացած հանրապետությունները, որոնք ստորագրել են այդ փաստաթուղթը, այդ թվում՝ Ադրբեջանը, իրենց վարչական շրջաններով դառնում են անկախ։ Այդ կտորով հիմքեր դրեցինք և սկզբունքներ ձեռք բերեցինք, որոնք երկկողմանի ընդունելի են, և այդ սկզբունքների հիման վրա մենք արեցինք սահմանազատում, որը լավ օրինակ է, և աշխարհի բոլոր երկրների կողմից ընդունվեց»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30