Նորմալ ժողովրդավարական գործընթաց է․ ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նշեց, որ այդ շարժման քաղաքական ուժերը, դերակատարները և օրակարգը նույնն է, ինչ նախորդ տարիներին էր։

«Նույն քաղաքական ուժերն են, դերակատարները նույն են, հայտնի են։ Թե ինչ կերպարանքով հանդես կգան, նախասիրության հարց է։ Որևէ նոր բան մենք այստեղ չենք տեսնում։ Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում անցյալում, դրանք ուղղակի նույնի կրկնությունն են։ Վազգեն Մանուկյանը փոխարինվել է Բագրատ սրբազանով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությանը չի՞ անհանգստացնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրա խոսքով՝ առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են շարժման հետ կապված հարցը, հիմա այդ հարցին անդրադարձ չի կատարվում։

Նա նաև անդրադարձավ Հանրապետության հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին՝ նշելով, որ անհնար է, որ որևէ երկրում իշխանությունը 100 տոկոսանոց աջակցություն ունենա, և Հայաստանը բացառություն չէ։

«Մենք դրանից ենթադրություն ենք անում, որ մեր աշխատանքը պետք է ավելի ուժեղացնենք և մարդկանց հասցնենք այն ամենը, ինչ կատարվում է։ Այստեղ կարծիքների բախում է, և ես որևէ աննորմալ և արտառոց բան չեմ տեսնում։ Բոլոր երկրներում պետք է լինի ընդդիմություն, ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, առաջարկի այդ օրակարգը հանրությանը, հանրության մի մասը պետք է այդ օրակարգին աջակցի։ Սա է տեղի ունենում, և սա նորմալ ժողովրդավարական գործընթաց է»,-եզրափակեց Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031