Ավագանիները չեն վճարվում, հիմա նրանց արգելում ենք աշխատել, ո՞նց են ապրելու․ Սիսակ Գաբրիելյան

Ազգային ժողովը քննարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ուղղված են շտկելու առկա օրենսդրական տարընթերցումների հնարավորությունը և ամրագրելու համայնքի անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը: Տարընկալման արդյունքում ավագանու մի շարք անդամներ համատեղում են իրենց պաշտոնը հանրային պաշտոնների և հանրային ծառայության պաշտոնների հետ:

«Իրականացված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջիկա ավագանու ընտրությունների ժամանակ, կգործի բացարձակ արգելք համայնքի ավագանու անդամների և հանրային պաշտոնների և հանրային ծառայության պաշտոնների անհամատեղելիության մասով: Արդյունքում՝ ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ»,- ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց վերջինիս՝ նկատելով՝ ավագանիները չեն վճարվում, իսկ հիմա նրանց արգելվելու է աշխատելը, արդյոք այդ մարդիկ չե՞ն ուղղորդվելու և նախընտրեն գնալ բիզնեսի ոլորտ, և ինչպե՞ս են ապրելու:

Կարապետյանի պատասխանելով հարցին շեշտեց, որ նախագծերի փաթեթով նոր կարգավորում չի ներդրվում: Այդ արգելքը սահմանված է եղել դեռևս 2018-ից՝ կապված հանրային ծառայության և հանրային պաշտոնի հետ անհամատեղելիության հետ, իսկ ՏԻՄ-երի և Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության տեսանկյունից դեռևս 2001-ից այս համատեղելիության նորմերը և պահանջները սահմանված են եղել․ «Բիզնես հատվածի մասնակցությունը ավագանու գործունեությանը, ըստ էության, նույնպես օրենսդրորեն սահմանված է, և այդտեղ շահերի բախման ռիսկերի նվազեցման և վերացման կառուցակարգերը նույնպես առկա են: Ինչպես քաղաքակիրթ մյուս երկրներում, նույն ստանդարտները ներդրված են այստեղ, և գործարար շահերը ներկայացնող ավագանու անդամն անցնում է հատուկ անհամատեղելիության և բարեվարքության ստուգման գործընթացներով»։

Գաբրիելյանն էլ առաջարկեց ավագանիների համար սահմանել աշխատավարձ, վճարել նրանց և, ինչպես ԱԺ պատգամավորների դեպքում է, արգելել այլ աշխատանքով զբաղվելը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30