Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Arab News» պարբերականին:

Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Պատմականորեն Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ է ունեցել արաբական աշխարհի, բոլոր արաբական երկրների հետ, և այդ հարաբերությունները, ըստ ԱԳ նախարարի, հիմնված են եղել ժողովուրդների միջև ավանդական, պատմական բարեկամական կապերի վրա:

«Իհարկե, մենք չենք մոռանում, որ արաբական շատ երկրներ ընդունել են և նոր տուն դարձել Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի համար: Միաժամանակ, մշակութային կապերը, հարաբերությունները եղել են նաև դրանից առաջ։ Ուստի, այս համատեքստում նաև մի փոքր տարօրինակ էր այն, որ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չկային։

Եվ այս առումով 2023 թվականն իսկապես պատմական տարի էր. մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք։ Իսկ հիմա կայացավ իմ այցը Ռիյադ. հանդիպումներ եմ ունեցել համապատասխան պաշտոնյաների, այստեղի իմ գործընկերների հետ։ Եվ հարկ է նշել, որ երկու երկրները՝ Հայաստանն ու Սաուդյան Արաբիան, փոխադարձ վստահեցնում են, որ սա միայն սկիզբն է, մենք չենք ուզում այստեղ կանգ առնել։ Կան մի շարք ոլորտներ, որտեղ մենք կարող ենք խորացնել մեր համագործակցությունը, և կան շատ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք ուսումնասիրել, թե ինչ կարող ենք համատեղ անել։ Եվ հուսանք, որ այս այցից հետո կհայտնվի «ճանապարհային քարտեզ»՝ մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի, ինչպես նաև էկոնոմիկայի և պլանավորման, կրթության նախարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկել ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ընձեռնվող հնարավորությունները: Ես անկեղծորեն կարծում եմ, որ այստեղ չկան սահմանափակումներ. կրթություն, գիտություն, առաջադեմ տեխնոլոգիաներ, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, մարդկանց միջև շփումներ, առևտրային ներդրումներ, ենթակառուցվածքներ: Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում: Եվ իհարկե, ապագան բավականին խոստումնալից է մեր համագործակցության համար։

Մեր տեսլականն այն է, որ մենք պետք է շատ սերտ համագործակցություն կառուցենք Սաուդյան Արաբիայի հետ, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային, բայց նաև միջազգային հարթակներին: Նշեմ, որ երբ Սաուդյան Արաբիան հանդես եկավ «Էքսպո 2030»-ը ՍԱ-ում անցկացնելու հայտով, Հայաստանը դրան աջակցող երկրների թվում էր։ Եվ, ի դեպ, սա շատ լավ առիթ է շնորհավորելու Սաուդյան Արաբիային»,- ասել է նախարարը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30