Այդ սարսափը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության վերին օղակի հրահանգի, ռեժիմն այլասերվել է. հայտարարություն

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով․

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ իշխանության կողմից իրականացված քստմնելի արարքը:

Իշխող ՔՊԿ-ական պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Վարդանյանին ձերբակալել են, ոստիկանական մեքենայով ուղեկցել դեպի ՁՊՎ, որի ընթացքում նրան դիմակավորված անձինք ծեծի, նվաստացման և խոշտանգման են ենթարկել:

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում սա աննախադեպ է, կոպտագույն ձևով խախտում է մարդու հիմնարար իրավունքները և ի ցույց դնում իշխանության ղեկին հայտնվածների դեգրադացման աստիճանը:

Մենք համոզված ենք, որ նման սարսափելի հանցագործությունը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության վերին օղակի գիտության կամ հրահանգի: Դա վկայում է այն մասին, որ գործող ռեժիմն այլասերվել է բացարձակ ձևով ու, հանուն իր իշխանության պահպանման, ձևավորել է բանդիտական համակարգ՝ պատրաստ լինելով պատերազմ հայտարարել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները և դիմադրում են հայրենիքը թշնամուն հանձնելու պարտվողական քաղաքականությանը:

Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին ու, մասնավորապես, ոստիկանական ուժերին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ է մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց: Եթե իրավապահ համակարգը դույզն-ինչ դեռ գործում է իրավական դաշտում, ապա պարտավոր է անմիջապես քրեական գործ հարուցել, գտնել հանցագործներին ու պատժել օրենքի ողջ խստությամբ:

Միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, ժողովրդավարական արժեքների ջատագով ներկայացողներին կոչ ենք անում հստակ ու հասցեական գնահատական տալ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված աղաղակող հանցագործությանը: Մենք տեղի ունեցածի քաղաքական պատասխանատու ենք համարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30