Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար, հանդիպել բնակիչների հետ, հաղորդել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ կից նկարներ հրապարակել։Լուսանկարներից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
Մարտի 18-ին Փաշինյանը կրկին Տավուշի մարզում էր։ Նա հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչների հետ, լսեց մտահոգություններն ու խոստացավ՝ բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, բանակցությունները վերջնական չեն, իսկ վերջնական որոշման դեպքում ևս մեկ անգամ կհանդիպի նրանց հետ։ Այսօր հստակ ի՞նչ օրակարգով է Փաշինյանը Ոսկեպարում, դեռ հայտնի չէ։
Վարչապետն այդ օրն ուղիղ հայտարարեց՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Ընդդիմանալու վերջը, ըստ Փաշինյանի, մոտալուտ պատերազմը կլինի, իսկ պաշտոնական Երևանի քաղաքականությունը, վարչապետի խոսքով, պատերազմ թույլ չտալն է, «և սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»։