Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում զգուշացրել է, որ «Տելեգրամ»-ով կեղծ տեղեկություններ են տարածվում դպրոցների վերաբերյալ ու հորդորել է զերծ մնալ խուճապ տարածելուց:
«Հարգելի հայրենակիցներ։ Երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչև հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել է։ Եթե կարճ` ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ»,- գրել է նա` շեշտելով` միակ վտանգը, որ տեսնում է, այն է, որ աղմուկն ինչ-որ մեկի համար դրդապատճառ չդառնա:
Մարտիրոսյանի խոսքով` մտահոգիչ է նաև այն, որ կեղծիքն այսքան արագ խուճապ առաջացրեց:
Հիշեցնենք՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ևս զգուշացրել էր, որ տարածվող տեղեկատվությունը կեղծիք է:
Նշենք, որ Տելեգրամով մի ֆեյք էր տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում։ Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար:
Անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը՝ մանրամասնել է, թե ինչպե՞ս ստուգել, որ լուրը ֆեյք է.
«Շատ պարզ, «Տելեգրամ»-ում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ, տարածվել է մեկ ամիս առաջ», գրել է նա։