Ֆրանսիայից Հայաստան են ժամանել 31 ընկերությունների ներկայացուցիչներ՝ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար․ CCIFA. (լուսանկարներ)

Հայ–ֆրանսիական առեվտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախաձեռնությամբ ապրիլի 9–ին Ֆրանսիայից Հայաստան են ժամանել 31 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումային ծրագրերի իրականացման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները, կստորագրեն համագործակցության հուշագրեր։

«Գոյության 30 տարիների ընթացքում Առևտրաարդյունաբերական պալատի կողմից այս տեսակի ուղևորություններ արդեն կազմակերպվել են, բայց սա առաջին դեպքն է, երբ բիզնես առաջնորդների շատ մեծ պատվիրակություն՝ ավելի քան 30 անդամ, ուղեկցում է ուժեղ քաղաքական պատվիրակությանը։ Նշենք, որ Հայաստանում է նաև Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը։ Մենք ունենք մեկ նպատակ՝ Հայաստանում աշխատատեղեր ստեղծել, զարգացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը»,–նշեց Հայ–ֆրանսիական առեվտրաարդյունաբերական պալատի նախագահ Արմեն Մնացականյանը։

Հայաստանում գտնվելու չորս օրերի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն տարբեր ընկերություններ՝ ծանոթանալու Հայաստանի տնտեսական իրական իրավիճակին, կստեղծվեն բիզնես համագործակցության հնարավորություններ։

Ապրիլի 10–ին պատվիրակության անդամները կայցելեն «Արարատ» կոնյակի գործարան, SoftConstruct ընկերություն, Հայաստանում ֆրանսիական համալսարան (UFAR), որտեղ կստորագրվեն համագործակցության հուշագրեր Բուշ դյու Ռոն դեպարտամենտի, UFAR-ի և Առևտրաարդյունաբերական պալատի միջև, ինչպես նաև LUMEN Paris հյուրանոցի և UFAR-ի միջև` հյուրանոցների կառավարման դասընթացներ կազմակերպելու համար:

Այցի առաջին օրը Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի ներկայությամբ համագործակցության հուշագրեր կստորագրվեն նաև մի շարք ընկերությունների միջև, մասնավորապես․

· RICHEL Group-ը կստորագրի ավելի քան 15 միլիոն եվրո արժողությամբ փաստաթուղթ ջերմոցային արտադրության ոլորտում։
· Aramine AMS ընկերությունը կկնքի համաձայնագիր Engineering Association-ի, ինչպես նաև Առևտրաարդյունաբերական պալատի հետ՝ շինարարական սարքավորումների համար մարտկոցների արտադրության շարք ստեղծելու համար։
· Aramine ընկերությունը կստորագրի համաձայնագիր Mine Brand-ի հետ՝ Հայաստանում մեքենաների պահեստամասերի ապահովագրակառույց ստեղծելու համար։
· Aramine ընկերությունը կստորագրի համաձայնագիր Spartan Mines-ի հետ։
· SRDB Law Firm ընկերությունը կկնքի համագործակցության հուշագիր ELL.am ընկերության հետ։
· Patrimonya ընկերությունը համագործակցության հուշագիր կկնքի Rafael Asatryan անշարժ գույքի գործակալության հետ՝ անշարժ գույքի գործարքները պարզեցնելու և երաշխավորելու համար:

Ուղևորությունը կավարտվի ապրիլի 12-ին՝ բիզնես ֆորումով, որին կմասնակցի 30 հայկական ընկերություն՝ Ֆրանսիայից ժամանած ներդրողների հետ անմիջական շփման նպատակով։

Հայ–ֆրանսիական առեվտրաարդյունաբերական պալատը նպատակ ունի զարգացնել Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները և ծառայել որպես հարթակ՝ խթանելու ընկերությունների միջև փոխգործակցությանը: Ստեղծվել է 1992 թվականին , իսկ 1996 թվականի դեկտեմբերին նախարարի որոշմամբ ստացել է «Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատ» անվանումը օգտագործելու հնարավորություն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30