Մեզ սպառնում են պատերազմով գրեթե ամենօրյա ռեժիմով․ Վահագն Ալեքսանյան

«ՀՀ իշխանությունները օրենքով ու Սահմանադրությամբ պարտավորված են պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, և ցանկացած գործողություն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ իրենից ենթադրում է քրեաիրավական հետապնդում այդ իշխանությունների նկատմամբ»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու վերաբերյալ մտահոգություններին:

Վերջինս շեշտեց՝ տարածքներ տալ-չտալը քրեաիրավական որոշակի երևույթներ է պարունակում, ՀՀ իշխանությունները չեն կարող տալ ՀՀ-ի ինչ-որ մի տարածք․ «Պետք է ճիշտ հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Երբ որ ասում ենք, որ պետք է տեղի ունենա սահմանազատում և սահմանագծում, թեկուզ Տավուշի մարզի և ադրբեջանական 4 գյուղերի այդ հատվածում, այդտեղ խոսքը նրա մասին է, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո այդ մարտական դիրքերը, որտեղ որ զորքերը կանգնած են համապատասխան սպառազինությամբ, զորատեսակներով, զինատեսակներով, հրետանային միջոցներով, պետք է փոխարինվեն սահմանապահ ծառայությամբ: Պետական սահմանի ռեժիմի պետք է անցնի բուն սահմանի պահպանության իրականացումը, ինչը ենթադրում է ոչ թե անվտանգության նվազեցում, այլ անվտանգության բարձրացում»։

Հարցին՝ եթե երկկողմանի պրոցես ու սահմանազատում է տեղի ունենալու, ինչո՞ւ է վարչապետը հայտարարում պատերազմի վտանգի մասին․ «Բոլորիդ աչքի առաջ մեզ սպառնում են պատերազմով գրեթե ամենօրյա ռեժիմով: Ադրբեջանի քաղաքականությունն ակնհայտորեն տանում է նրան, որ իրենք հասնեն էսկալացիայի»։

Նրա խոսքով՝ սահմանազատումը և սահմանագծումը սկսելը ու դա անելը հիմնավորված է իրավական փաստաթղթերով, բխում է ՀՀ շահերից: Իսկ հնարավոր ռազմական էսկալացիայի ռիսկերը կառավարելու ուղղությամբ ՀՀ Կառավարությունը ու իշխանությունն իրականացնում են քայլեր: Անդրադառնալով սահմանազատումը Տավուշից սկսելու հարցին՝ Ալեքսանյանն ասաց. «Իսկ արդյո՞ք մենք տեսնում ենք Ադրբեջանի պատրաստակամությունը առհասարակ այդ պրոցեսը սկսելու: Առհասարակ Ադրբեջանն ուզո՞ւմ է պրոցեսը սկսի, թե՞ չի ուզում: Այդ հարցի պատասխանը չունեմ»։

Խոսելով Ադրբեջանի հետ բանակցություններից՝ Վահագն Ալեքսանյանն ասաց. «Բանակցություններն ընթանում են: Թույլ տվեք կոնկրետ հանձնաժողովների աշխատանքի մասին հանրային չխոսեմ: Բանակցությունները՝ բանակցություններ, բայց հանրային տիրույթում էլ կա խոսույթ, ու այստեղ պետք է կարևոր մի բան հասկանալ, որ Ադրբեջանի ցանկությունը, գուցե ինչ-որ այլ ուժի դրդմամբ, այն է, որ ինքը հասնի էսկալացիայի, ու մեր խնդիրը՝ որպես ՀՀ իշխանություն, դա թույլ չտալն է, կառավարելն է այդ ռիսկը։ Ես չեմ կարող ասել, թե սահամանազատում սկսելու պատրաստակամությունի ունի կամ չունի Ադրբեջանը, շատ լավ կլինի, եթե հայտարարի, որ ունի այդ պատրաստակամությունը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30