Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնել։
Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ տեղեկացրել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Ընդդիմությունն առաջարկում է հրատապ նիստի անցկացման համար Ազգային ժողով հրավիրել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Հաշվի առնելով այն, որ հարցն ունի բազմաթիվ նրբերանգներ, և հրապարակային քննարկումները կարող են ռիսկեր առաջացնել ՀՀ պետական անվտանգության տեսանկյունից, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջարկել էր կողմ քվեարկել նիստը փակ ձևաչափով անցկացնելու առաջարկին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց՝ եթե հիմնավորումը ազգային անվտանգությունն է, և եթե համազեկուցողները կարող են ներկայացնել փակ տեղեկատվություն, ապա դահլիճում նստածների մոտ կան հեռախոսներ, և փակ տեղակատվությունը կարող է տեսանկարահանվել կամ ձայնագրվել:
Ալեն Սիմոնյանը, հաշվի առնելով Գեղամ Մանուկյանի նկատառումը, խնդրել է հեռախոսները չմտցնել դահլիճ, բայց նաև նկատել. «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, այն մասով, որոնք գաղտնի չեն և հանրությանը վերաբերելի են, ՀՀ իշխանությունները ներկայացնում են: ՀՀ ընդդիմությունը դրանից գոհ չէ, և ՀՀ ընդդիմությունը նախաձեռնել է այս լսումները, և ՀՀ իշխող մեծամասնության իրավունքն է, հաշվի առնելով բովանդակությունը, նման առաջարկով հանդես գալ և դնել դա քվեարկության»:
Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ կան պատգամավորներ, որոնք փակ նիստին մասնակցելու իրավունք չունեն: Նրանցից մեկը ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանն է, որը նոր է մանդատ ստացել:
«Չեն կարող նիստին մասնակցել Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լևոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը: Սա իմ որոշումը չէ, սա օրենքի պահանջն է, և ես չեմ կարող, Ձեզ հարգելով, այնուամենայնիվ, օրենք խախտել, որովհետև հետո ինձ հարցեր կլինեն, թե ինչու են փակ նիստի մասնակցել մարդիկ, որոնք չունեն գաղտնիության թույլտվություն»,- ասել էԱլեն Սիմոնյանը և խնդրել, որ վերոնշյալ պատգամավորները լքեն դահլիճը, մյուսները մնան առանց հեռախոսների, իսկ լրագրողներին խնդրել է հեռանալ օթյակից: