Այդպիսի տրամաբանություն չկա, որ ադրբեջանական այս կրակոցներից հետո կարող է սկսվել լայնամասշտաբ պատերազմ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չսկսվի լայնամասշտաբ պատերազմ, բայց սկսվելու դեպքում էլ , այն ինչ պետք է արվի այսօր, չպետք է թողնենք վաղվան, որ կարողանանք դիմակայել ադրբեջանական այդպիսի ցանկություններին»,- ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով երեկ ԳՇ վերաբերյալ արված իր հայտարարությանը՝ նա նշեց․ «Թյուրիմացություն է եղել․ նախ ասեմ՝ սահմանազատման խնդիրները քննարկվում են հանձնաժողովում, իսկ գլխավոր շտաբի հետ կապված ես ուզում էի երևի ասել, որ ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային նման աշխատանքնաների կազմակերպման իմաստով։ Այսինքն՝ հանձնաժողովն իր աշխատանքները կատարում է, բնականաբար, այդ աշխատանքները ճիշտ ձևակերպելու համար պետք է ունենալ տարբեր գերատեսչությունների փորձագիտական եզրակացությունը, իսկ ԳՇ-ի եզրակացությունը պետք է լինի ամենակարևորներից մեկը»։
Հիշեցնենք՝ երեկ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է սահմանզատումը հենց Տավուշից սկսել, Քոչարյանն ասել էր․ «Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ»։
Ինչ վերաբերում է խաղաղության հասնելու իրենց օրակարգին Քոչարյանը շեշտեց, որ խաղաղության հասնելը շատ ավելի բարդ է, քան պատերազմելը։
«Վերջին հաշվով բոլոր պատերազմները մի օր վերջանում են, մարդիկ ձգտելու են խաղաղության, խաղաղության հասնելու համար մենք պետք է ամեն օր մեր զինված ուժերի կարողությունն ավելացնենք պաշտպանական բնագավառում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե ԵՄ անդամներն իրենց խոստումները կատարելու համար պահանջում են ռուսամետ պաշտոնյաներին հեռացնել, օրինակ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, նա պատասխանեց․ «Ասրյանը որևէմետ չէ, Ասրյանը մեր ԳՇ պետն է, որն այս պահին, երբ այսպիսի հարցեր են հնչում, զբաղված է բանակաշինության կոնկրետ խնդրի լուծմամբ»։