«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը, որն ապրիլի 3-ից անժամկետ նստացույց էր իրականացնում թատրոնի փակ դռան առաջ՝ ՀՀ կառավարությունից և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով իրենց հնարավորություն տալ աշխատել, որպես անկախ թատրոն, ապրիլի 8-ին ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը:

Այս մասին թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում հայտնում է ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:

«Նստացույց էինք անցկացնում՝ պահանջելով մեզ տալ ստեղծագործելու իրավունք հենց մեր թատրոնի տարածքում: Մենք արձագանք ենք ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Նրանք առաջարկել են հանդիպել, քննարկել ու բանակցել հարցի շուրջ: Մենք շարժվում ենք առաջ վստահ քայլերով ու կունենանք դրական արդյունքներ»,-նշում է Արզումայնանն ու հավելում, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է գնալու թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի, փաստաբան Կարո Ասատրյանի հետ:

Նրա խոսքով՝ իրենք վստահում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և առանց նախապայմանների են գնալու հանդիպման, քանի որ չունեն հարցի վերջնական լուծման երաշխիքներ, ժամանակավոր են դադարեցնում նստացույցը:

Հանդիպումից հետո կորոշեն հետագա անելիքները:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը:

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Սարգիս Արզումանյանը դիմել էր թատերական գործիչներին՝ խնդրելով նրանց աջակցությունը: «Եթե կարծում եք, որ այս քաղաքին պետք է «Գոյ» թատրոնը, խնդրում եմ աջակցել մեզ: Համապատասխան փաստաթուղթ է կազմվել, պետք է այնտեղ ստորագրել, տալ համաձայնություն, որ «Գոյ» թատրոնը Երևանին անհրաժեշտ է որպես անկախ թատրոն: Այդ փաստաթուղթը կուղարկվի ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, որպեսզի նրանց կայացրած որոշման մեջ լրացումներ կատարվեն, կամ այլ մեխանիզմներ մշակվեն, և «Գոյ» թատրոնը դառնա անկախ թատրոն ու ստեղծագործի այն վայրում, որտեղ աշխատել է»,-նշել էր նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30