Հայաստանը ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ «Եվրաջասթ»-ի հետ համաձայնագիր է ստորագրել։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիեր Ռեյներսը և Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերով նախարար Փոլֆան Թիխելտը։
Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված այս համագործակցության համաձայնագրի շնորհիվ ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինները և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը կկարողանան աշխատել միասին։
Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերով նախարար Փոլֆան Թիխելտի խոսքով՝ այս համաձայնագիրը Եվրոպական միության և Հայաստանի միջև ամուր հիմք կստեղծի։
«Համաձայնագիրը հատկապես կարևոր է Բելգիայի նախագահության համար, քանի որ Եվրոպական միության և երրորդ երկրների միջև դատական համագործակցությունը մեզ համար առանցքային առաջնահերթություն է», — նշել է բելգիացի նախարարը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում շեշտեց, որ Հայաստանն ի սկզբանե հետաքրքրված է եղել այս համագործակցությամբ, առաջին երկիրն է եղել, որ սկսել է բանակցությունները: Նա փաստեց, որ առաջին երկիրն է, որ ստորագրում է համագործակցության համաձայնագիրը։
«Մենք սերտ համագործակցություն ունեցել ենք «Եվրաջասթ»-ի, «Եվրոպոլ»-ի հետ՝ նույնիսկ առանց համաձայնագրի, բայց այժմ այս համաձայնագիրը գալիս է ամրապնդելու և համագործակցությունը ինստիտուցիոնալ դարձնելու: Այս համաձայնագրի ստորագրմամբ մենք նաև մեկ քայլ մոտենում ենք Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական իրականացմանը: Սա դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատարն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նկատել է, որ սա կարևոր անկյունաքար է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։