Հայաստանի ղեկավարությունը դավաճանում է իր ժողովրդին՝ հանուն Արևմուտքի նպատակների խզելով կապերը Ռուսաստանի հետ. Զախարովա

«Հայաստանի ղեկավարությունը դավաճանում է իր ժողովրդին՝ հանուն Արևմուտքի նպատակների խզելով կապերը Ռուսաստանի հետ»,-այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են զոհաբերել Ռուսաստանի և այլ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը հանուն անցողիկ բոնուսների, որոնցով Երևանին նշանավորել են Եվրամիությունն ու ԱՄՆ-ն։ Բայց հարցն այն է, որ նրանք մեզ չեն դավաճանում և ոչ էլ իրենց գործընկերներին, դաշնակիցներին, այլ նրանք վաճառում են իրենց ժողովրդին»,- ասել է նա։

Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորության մասին Todos Noticias պորտալի հարցին ի պատասխան, նշել է, որ չի կարող կանխատեսել ապագան:

«Տարօրինակ է։ Սովորաբար իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ստեղծում են այն։ Նրանք կարող են կանխատեսել միտումները և ասել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի, օրինակ, բացասական սցենարը չիրականացվի: Ցավալի է լսել նրա ասածը, հատկապես հաշվի առնելով այն, որ այսօր նշվում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձը»,- հավելել է նա։

Վերջին մեկ տարում հայկական իշխանությունները քննադատում են Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին իրենց դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար։ Պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը որևէ քայլ չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումը կանխելու ուղղությամբ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, ինչպես նաև հայտարարել, որ օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանից դուրս կբերվեն ռուս սահմանապահները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031