ՀՀ-ն կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները․ ԱԳ փոխնախարար

Հայաստանը մեծապես կարևորում է ինչպես Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության գործունեությունը, այնպես էլ Եվրոպական Միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները:

Ազգային ժողովում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ համաձայնագիրը տարածվում է Եվրոպական Միության առաքելության և նրա անձնակազմի վրա և գործում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։

«Հայաստանում ԵՄ առաքելությունը սույն համաձայնագրով նախատեսված իր գործառույթների իրականացման ընթացքում գործում է անկախ։ Համաձայնագիրը կարգավորում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը՝ տարածվելով առաքելության և նրա անձնակազմի վրա և նախանշելով Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելության գործառույթները։ Առաքելության գործունեությունը կարգավորվում է ոչ միայն ՀՀ արևելյան սահմանների կայունության ապահովման, այլև ԵՄ-Հայաստան քաղաքական հարաբերությունների մերձեցման արագընթաց գործընթացների տեսանկյունից։

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առաքելությունը, այդ թվում դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային և հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն»,- ասաց փոխնախարարը։

Ըստ Սաֆարյանի՝ համաձայնագրով հստակեցվում է նաև Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման, տեղաշարժի ընթացակարգերի, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև քրեական իրավազորությունը, անվտանգությունը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր։

«Հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված անվտանգային ռիսկերն ու երկրի արևելյան սահմաններին իրավիճակի հետագա սրացման նշանակալի վտանգը՝ հայկական կողմը դիմել էր Եվրոպական միությանը՝ խնդրելով երկարացնել մշտադիտարկման վերոնշյալ առաքելության գործողության ժամկետը: Այսուհանդերձ, ելնելով նրանից, որ խնդրո առարկա առաքելության կազմը ձևավորվել էր Վրաստանում ԵՄ առաքելության անդամներից, և տվյալ կազմով առաքելության գործողության ժամկետը հնարավոր էր երկարաձգել միայն ևս երկու ամիս ժամկետով, ԵՄ կողմը հանդես եկավ բացառապես Հայաստանի համար նախատեսված մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ: Վերջինս ոչ միայն ողջունվեց Հայաստանի իշխանությունների կողմից, այլև հայկական կողմը լայնածավալ ջանքեր գործադրեց երկարաժամկետ առաքելություն ստեղծելու հարցում ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ:

Այսպիսով, 2023թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով:

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: Հայկական կողմը մեծապես կարևորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,- եզրափակեց Սաֆարյանը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930