Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է. Հայրապետյանը՝ ռուսական հեռուստաալիքների մասին

Այն լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են ՀՀ-ի տարբեր գերատեսչություններին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Անդրադառնալով Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների գործունեությանը, Հայրապետյանը նշեց, որ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ կառավարությունն ունի իր պատկերացումները և լուծումները:

«Առաջիկայում Մոսկվայում տեղի են ունենալու խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ համաձայնագիրը, որի ընթացքում հայկական կողմը կներկայացնի լուծումների վերաբերյալ իր առաջարկները։ Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ»,- ասաց Հայրապետյանը։

Նախարարը նկատեց՝ այն լուծումները, որոնք հայկական կողմի առաջարկների փաթեթում ներառված են, ենթադրում են նաև նախկինում արված փորձերը, որոնց դեպքում որևէ բովանդակային փոփոխություն ոչ միայն չի արվել, այլև վերջին շրջանում նմանօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերաբար է դարձել։

«Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև վերահսկողություն կամ նմանօրինակ հաղորդումների կանխում, ըստ էության, չեն աշխատում։ Եվ սա նույնպես հաշվի առնելով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումներն ու լուծումները։ Ռուս գործընկերների հետ աշխատանքներում մենք սա նկատի ենք ունենալու և իբրև փաստարկ ներկայացնելու ենք»։

Հարցին՝ կա՞ն ժամկետներ, թե երբ են այդ բանակցությունները սկսվելու՝ նախարարը պատասխանեց. «Այո, կոնկրետ օր կա, բայց ես հիմա այն չեմ հնչեցնի»։

Դիտարկմանը՝ այդ բանակցություններում լինելո՞ւ է արդյոք այդ հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը՝ Հայրապետյանը պատասխանեց. «Պոլիտկոռեկտությունից ելնելով ես մանրամասները հայտնելուց զերծ կմնամ։ Միայն կարող եմ վստահեցնել, որ ցանկացած որոշում, որը որդեգրում է Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, առանցքում հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատվության հարցն է ներդրված»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031