Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը հայտարարել է, որ հանդիպում կունենա ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, որի ընթացքում հարգալից վերաբերմունքի երաշխիքներ կպահանջի ԱԱ-2026-ի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման և դրանում ամերիկացիների ներգրավվածության ֆոնին Իրանի հավաքականը կարող է հրաժարվել մրցաշարին մասնակցելուց։
«Մենք ՖԻՖԱ-ին կհայտնենք մեր ակնկալիքների մասին։ Եթե նրանք կարողանան բավարարել դրանք, մենք անպայման կմասնակցենք աշխարհի առաջնությանը։ Բայց եթե չլինեն երաշխիքներ, և մեր նկատմամբ շարունակեն անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ու նույնիսկ մեր ֆուտբոլիստներին անտեղի հարցեր տալ, մենք կարող ենք այլ որոշում կայացնել։
Մեր ազգային հավաքականը ոչ թե պարզապես «մեկնում է» Միացյալ Նահանգներ, այլ մեկնում է այնտեղ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Ուստի ՖԻՖԱ-ի պարտականությունն է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ հյուրընկալող երկրների կառավարությունները պարտավոր են ապահովել անհրաժեշտ պայմաններն ու տրամադրել վիզաներ՝ հաշվի չառնելով քաղաքական նկատառումներ կամ դրդապատճառներ»,- ֆունկցիոների խոսքն է մեջբերում Reuters-ը։
Նշենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Իրանի հավաքականը պետք է մրցի Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի թիմերի հետ։ Այս խմբի բոլոր հանդիպումները նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ի տարածքում։






































