«Խոսքի ազատության առումով ամենամեծ խնդիրներից մեկը երևի այն է, որ խոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվում, որը շատ դեպքերում հանգեցնում է ատելության խոսքի, խտրական խոսքի դրսևորումների և այլն»:
Այս մասին հայտարարել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի ընթացքում:
«Կարծում եմ, որ մենք կրթական շատ լուրջ բարեփոխումների կարիք ունենք՝ նաև ցույց տալու, որ խոսքի ազատությունը ունի սահմաններ, որտեղ են այդ սահմանները, և ինչի համար կարող է վրա հասնել պատասխանատվություն, բայց դրա տեսակները պետք է շատ հստակ կիրառվեն և որոշակի ձևաչափով»,- ասել է նա՝ կարևորելով, որ մասնագիտական համայնքները շատ ուշադիր լինեն համայնքների ներսում վարքագծի կանոնների և էթիկայի պահպանմանը:
Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը, ըստ Մանասյանի՝ դա այսօր ամբողջ աշխարհում է քննարկվող հարցերից մեկը արհեստական բանականության համատեքստում:






































