Ի՞նչ ընթացակարգով է իրականացվում քաղաքացիների հաշվառումը. արդյոք կարո՞ղ է լինել իրավիճակ, երբ քաղաքացու բնակարանում հաշվառված լինի իր հետ կապ չունեցող անձ, և հնարավո՞ր է անճշտություններ լինեն նախնական ընտրացուցակներում։ Այս հարցերին է անդրադարձել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը սպասվող ընտրությունների ֆոնին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ունենք փաստացի բնակության հիմքով անձին հաշվառելու հնարավորություն և ունենք սեփականատիրոջ թույլտվությամբ հաշվառելու հնարավորություն։ Վերջինս պայմանական անվանում ենք մշտական հաշվառում։
Խոսքը հետևյալի մասին է, եթե ես չունեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող բնակելի տարածք, կամ չկա որևէ անձ, ով հանդիսանում է որևէ բնակելի տարածքի սեփականատեր և կտա իր գրավոր համաձայնությունը իր հասցեով մշտապես հաշվառվելու համար, ապա ես հաշվառում ձեռք բերելու համար պետք է տարածքային անձնագրային ծառայությանը դեկլարատիվ բնույթի դիմում տամ, թե որտեղ եմ բնակվում։ Համայնքային ոստիկանության ռեսուրսով փաստացի բնակության փաստը հաստատվում է, կամ չի հաստատվում, դրա հիման վրա հաշվառումը կատարվում է կամ չի կատարվում։
Բնակելի տարածքի սեփականատերը, իսկ եթե սեփականատերը մեկից ավելի են, ապա նրանցից յուրաքանչյուրը կարող է մեկ դիմումով դուրս գրել հաշվառումից տվյալ տարածքում հաշվառված անձին։ Ընդ որում, եթե սեփականատերը դիմում է, որ երբևէ որևէ հաշվառում իրեն պատկանող տարածքում չկատարվի, մենք պահպանում ենք այդ ցանկությունը։
Հաշվառման երկրորդ կատեգորիան հետևյալն է, եթե սեփականատերը կամ եթե դրանք մեկից ավելին են, ապա բոլոր սեփականատերերը առանձին-առանձին համաձայնություն են տալիս այս կամ անձին իրենց հասցեով հաշվառելու համար, ապա ոստիկանությունը փաստացի բնակությունը չի ստուգում, դա տվյալ պարագայում կարևոր չէ, հաշվառումը տեղի է ունենում ավելի արագ»,–ասաց Նելլի Դավթյանը։
Հարցին՝ կարո՞ղ է լինել նման իրավիճակ, որ քաղաքացու բնակարանում հաշվառված լինի իրեն անծանոթ անձ, նա պատասխանեց. «Նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, եթե բնակարանը ձեռք է բերվել և չի ստուգվել, թե ով կա հաշվառված այդ բնակարանում։ Եվ այդ ստուգումը կարող է լինել տասնյակ տարիներ անց, երբևէ նոր սեփականատիրոջ մտքով չանցնի հետաքրքրվելու, թե ով կա հաշվառված, իսկ նախկին սեփականատերերը կամ փաստացի բնակության հիմունքով հաշվառվածները կարող են պահպանել իրենց հաշվառումը երկար տարիներ։
Եթե ինչ-որ պահի մարդը բացահայտում է, որ իր հասցեում կան անծանոթ անձինք, պետք է դիմում ներկայացնի շտկելու իրավիճակը։ բոլոր այն հայտարարությունները, որ կարելի է հատկապես նախընտրական փուլում սոցիալական մեդիայում հանդիպել, որ ինչպես է ստացվում, որ իմ տան վրա ես բացահայտեցի դիցուք 12 անձի հաշվառում, այստեղ պետք է ուղղակիորեն ֆիքսել, որ դրանք հին հաշվառումներ են։ Վերջին շրջանում, երբ որ անձը տիրապետում է իր գույքին և տեղյակ է, որ որևէ հաշվառում պետք է չլիներ, վարձով չի տվել բնակարանը, որևէ այլ անձ չի բնակվել այդտեղ, չէր կարող ոստիկանությունը արձանագրել երրորդ անձի բնակություն, հաշվառում հնարավոր չի, որ իրականացված լինի»։
Նելլի Դավթյանը հիշեցրեց, որ ԿԸՀ elections.am կայքում տարին 2 անգամ թարմացված հրապարակվում է ընտրողների ռեգիստրը՝ հունիսի 1–ի դրությամբ և նոյեմբերի 1–ի դրությամբ. «Յուրաքանչյուր անձ յուրաքանչյուր պահի հնարավորություն ունի այդ ստուգումը կատարելու։ Անպայման չէ մոտենալ անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ անձնագրային ծառայություն, այդ ինֆորմացիան ամբողջ տարին հասանելի է։
Ավելին, նախնական ցուցակները հրապարակելու, որը նախատեսված է քվեարկության օրվան նախորդող 41-րդ օրը, իմաստն այն է, որ անձինք նախապես ստուգեն, արդյոք անճշտություններ կան իրենց վերաբերյալ տվյալների մեջ, ընտրողների ցուցակում, թե ոչ։
Սխալ է այն մտայնությունը, որ նախնական ցուցակներում մարդիկ հայտնաբերում են անճշտություններ և թմբկահարում են այս անճշտությունը որպես բացառիկ երևույթ, որ պետք է չլիներ։ Նախնական ցուցակը հրապարակելու իմաստը անճշտությունները վերացնելն է, իսկ այդ անճշտությունները չէին կարող չլինել բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով։ Օրինակ, անձի մահը արձանագրվել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և ուղղակիորեն ոլորտի լիազոր մարմինը չի ստացել այդ մասին տեղեկատվություն հարազատներից, ընտանիքի անդամներից և այլն։ Այդ դեպքում անձը մնում է ընտրական ռեգիստրում, որևէ կերպ մենք չէինք կարող նրան հանած լինել, այդ պատճառով էլ նախնական ցուցակները հրապարակում ենք, որ նմանօրինակ իրավիճակները շտկենք։
Ընտրացուցակում անճշտություն հայտնաբերելը ընտրակեղծիքի մասին չէ։ Ընդ որում, եթե երրորդ անձ է ահազանգում անճշտության վերաբերյալ, որը անմիջականորեն և ուղղակիորեն իրեն չի վերաբերում, միևնույն է, այդ դիմումը ընթացքավորվում է և մեզ եկած ահազանգը մենք ստուգում ենք, եթե իսկապես կա անճշտություն, ապա այն վերացվում է երրորդ անձի հաղորդման հիման վրա»,– ընդգծեց Դավթյանը։





































