Հայաստանում բալային համակարգի փոփոխության արդյունքում վարորդների համար խախտումներ անելու հնարավորությունը 44%–ով ավելացել է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է երթևեկության փորձագետ, ակտիվիստ Արտակ Գաբոյանը։
«9 բալից անցումը 13 բալի դրական փոփոխություն է միայն վատ վարորդների համար։ Սա նպաստում է, որ վարորդները կարողանան ավելի շատ խախտում անել։ Եթե նախկինում մարդը 1 տարվա ընթացքում 35 անգամ կկարողանար 2-րդ շարքում կանգնել ու ոչ մի խնդիր չունենալ, հիմա կարող է 51 անգամ կանգնել։ Այսինքն` մարդը կարող է շաբաթը մեկ գնալ, կանգնել փողոցի մեջտեղում, երթևեկության «հերն անիծել», դրա համար վճարել 5000 դրամ ու շարունակել երթևեկել»,- ասել է Գաբոյանը։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակները` Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, բալերն ավելացնելու անհրաժեշտությունը հիմնավորում էին երթևեկության անվտանգության հետ ուղիղ առնչություն չունեցող, իրավիճակային խախտումներով։ Օրինակ` երբ տաքսու վարորդները կամ առաքիչները ստիպված են լինում ավտոմեքենան կայանել երկրորդ շարքում ու դրա համար տուգանվում են 5000 դրամով և բալեր կորցնում։
Գաբոյանը օրենքի փոփոխության հեղինակների այս հիմնավորումը «դեմագոգիա» է որակում` նշելով, որ այն ոչ մի կապ չունի տաքսիստներին ընդառաջ գնալու հետ։
«Ոչ մի տաքսիստ չի օգտվի դրանից ու երկրորդ շարքում ավելի շատ կանգնի, որովհետև ամեն անգամ 2-րդ շարքում կանգնելիս ինքը տուգանվում է 5000 դրամով, որն իր համար ավելի ազդեցիկ գործոն է, քան 0.25 բալ կորցնելը։ Եթե իրենց նպատակն իսկապես տաքսիստներին ընդառաջ գնալն էր, պետք է տաքսիների լիցենզավորումը լիարժեք կազմակերպեին և թույլ տային լիցենզավորված մեքենաներին 1 րոպեի փոխարեն պայմանական 3 րոպե կանգնել երկրորդ շարքում»,- հավելել է նա: