Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը և Գարիկ Կարապետյանը դարձան Եվրոպայի առաջնության մեդալակիրներ:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք:

Կարապետյանը կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն և նվաճել Հայաստանի առաջին ոսկին Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:

Առանձին վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 185 կգ կշռող ծանրաձողը,իսկ հրում վարժությունում՝ 226 կգ:

Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 406 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա, երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 181 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է այս վարժության արծաթե մեդալին: Հրում վարժությունում Մարտիրոսյանը 225 կգ արդյունքով դարձյալ արծաթե մեդալ է նվաճել:

Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել նաև 102 կգ քաշային տղամարդիկ: Այս քաշային կարգում Հայաստանի 2 ներկայացուցիչներ Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը, սակայն, անմասն են մնացել մեդալներից։ Աղանյանը երկամարտի 380 կգ (175+205) արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Պետրոս Պետրոսյանը երկամարտում ցույց է տվել 370 կգ արդյունք (165+205 կգ) և զբաղեցրել է 5-րդ տեղը։

Մրցումային օրվա վերջում մրցահարթակ դուրս կգան 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջանը։ Նրանց մեկնարկը 21։00-ից է։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930