Հայաստանի կառավարությունն ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշում կայացրեց: Որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում:
«Առաջարկում ենք ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին մաքսատուրքից ազատել երրորդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում՝ հաշվի առնելով, որ տրանսպորտի ոլորտը համարվում է գերակա ճյուղ: Մի շարք արտոնություններ են սահմանված, բայց միկրոավտոբուսների դեպքում բացառություն կա, դրանք ներմուծման մաքսատուրքից ազատված չեն»,-ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ հաճախ ներդրողների կողմից հետաքրքրություն չեն տեսնում և կարծում են, որ առաջարկվող արտոնությունը կարող է խթանող ազդեցություն ունենալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ շատ վաղուց կա մեխանիզմ, երբ կառավարության սահմանած գերակա ուղղություններով ներդրումային ծրագիր է ներկայացվում կառավարությանը, դրա շրջանակում որոշ սարքերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումն ազատում են մաքսատուրքից:
«Մեր խնդիրն է, որ մարզի ներսում համայնքների միջև և մարզերի ու մայրաքաղաքի միջև լինի նորմալ տրանսպորտային հաղորդակցություն: Մենք տեսնում ենք, որ մարդիկ մրցույթներին կամ չեն մասնակցում, կամ մենաշնորհացման որոշակի վտանգներ են տեսնում: Հիմա ցանկանում ենք այս գործիքով ավելի գրավիչ դարձնել այդ ներդրումները, միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան»,-Փաշինյանը:
Վարչապետը նկատեց՝ շատ համայնքներում են բարձրացնում տրանսպորտի խնդիրը: