Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բարեհաջող անցկացնելու կապակցությամբ:
Անդրադառնալով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ օրերս կայացած հանդիպմանը` ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Իրանի հետ փոխգործակցութունը` այդ թվում միջխորհրդարանական ձեւաչափում: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: