«Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության անմիջական մասնակցությամբ և օժանդակության արդյունքում տնտեսվարողներն այսուհետ կարող են որոշ առևտրային թույլտվություններ ստանալ թվային միջավայրում։ Եթե նախկինում ծառայությունը մատուցվում էր թվային և թղթային եղանակներով, այժմ այն տրամադրվում է բացառապես թվային տարբերակով:
Այդ մասին որոշումը կայացվել է փետրվարի 14֊ի Երևանի ավագանու նիստի ընթացքում։ Հավատարիմ մնալով ՀՀ կառավարության` թվայնացման ուղղությամբ որդեգրած ռազմավարությանը` անհրաժեշտություն կա բոլոր ծառայությունները տեղափոխել թվային ձևաչափի։
Նախագիծն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ֆինանսավորմամբ։
Այս պահին Երևանի քաղաքապետարանի կայքում թվային տարբերակով հասանելի են հետևյալ ծառայությունները.
● Ծխախոտի վաճառքի թույլտվություն
● Ոգելից խմիչքի վաճառքի թույլտվություն
● Հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն
● Հասցեի տրամադրման թույլտվություն
(Մանրամասները՝ https://dimum.yerevan.am/ կայքում)։
Ի լրումն վերոնշյալի՝ իր գործունեության ընթացքում տարբեր նախագծերի շրջանակներում «Ավենյու քընսալթինգ գրուպ» ընկերությունը վերանայել է և բարելավմանն ուղղված առաջարկներ է մշակել շուրջ 580 պետական և համայնքային ծառայությունների վերաբերյալ։
Ի վերջո, ամենագլխավորը` այս ուղղությամբ տարվող աշխատանքների համար մշակվել է մեկ միասնական մեթոդաբանություն, որի կիրառմամբ իրականացվել է ծառայությունների բիզնես գործընթացների վերանայումը։ Ընկերության կողմից նույնպես վերլուծվել են հսկայական ծավալի իրավական ակտեր, ապա մշակվել են դրանցում փոփոխություններ կատարելու փաթեթները։
«Թվային աշխարհը շատ արագ տեմպերով է զարգանում, և հարկավոր է դրան համընթաց բավարարել բնակչության պահանջմունքները։ Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ միացել ենք այս ահռելի և բարդ աշխատանքին` կարգավորելու գործընթացները և հանրությանը տրամադրելու ավելի որակյալ ծառայություններ», ֊ նշեց «Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության գործընկեր Տիգրան Գրիգորյանը։
Նա նաև ընդգծեց, որ դրանով խնայվում է ժամանակը և ռեսուրսները, նվազագույնի են հասցվում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Արդյունքում՝ անհատների համար Հայաստանում ապրելու և բիզնեսով զբաղվելու բարենպաստ պայմաններ են ստեղծվում։
Լուսանկարում՝ «Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության գործընկեր Տիգրան Գրիգորյան