Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ պատրաստվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, ինչպես նաև խոսել է ընթացիկ՝ արդեն չեմպիոնական մրցաշրջանի մնացած հատվածի գլխավոր նպատակի մասին:
Չնայած կատալոնացիներն արդեն ապահովել են Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը երկրորդ մրցաշրջանն անընդմեջ, գերմանացի մասնագետը մտադիր չէ թուլացնել զգոնությունը «Ալավեսի» դեմ կայանալիք խաղից առաջ։
«Թիմը և ես ցանկանում ենք վաստակել 100 միավոր, իսկ դրա համար պետք է հաղթենք մնացած երեք խաղերում»,- նշել է Ֆլիկը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով իր ապագային՝ 61-ամյա մասնագետը, ում գործող համաձայնագիրն ավարտվում է 2026/27 մրցաշրջանի վերջում, հայտնել է, որ մնալու է ակումբում.
«Ես շատ երջանիկ եմ և շուտով նոր պայմանագիր կստորագրեմ «Բարսելոնայի» հետ։ Մենք կշարունակենք համագործակցությունը մինչև 2028 թվականի ամառը, և եթե ամեն ինչ լավ ընթանա, հնարավոր է՝ այն երկարաձգենք ևս մեկ մրցաշրջանով։ Ես ճիշտ տեղում եմ»։
Ֆլիկի համար վերջին օրերը չափազանց հուզական են եղել՝ պայմանավորված ինչպես չեմպիոնության, այնպես էլ հոր մահվան հետ։ Նա խոստովանել է, որ ակումբի ու շրջապատի աջակցությունն իրեն ցույց է տվել, թե որքան ճիշտ որոշում էր տեղափոխվել «Բարսելոնա»։
Մարզիչը հրաժարվել է խոսել հնարավոր տրանսֆերների և խաղացողների անհատական մրցանակների մասին։ Նրա խոսքով՝ գլխավորը թիմն է, իսկ անհատական նվաճումները գրանցվում են միայն թիմի հաջողության շնորհիվ։ Տրանսֆերային բոլոր հարցերը կքննարկվեն բացառապես մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականի մայիսին։ Այս ընթացքում թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և Սուպերգավաթակիր, ինչպես նաև մեկ անգամ նվաճել է երկրի Գավաթը։






































