Իրանի դատական մարմինները ի կատար են ածել մահապատժի դատավճիռը մի տղամարդու նկատմամբ, որը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեջ:
Ինչպես հայտնում է Mehr-ը, Էրֆան Շաքուրզադեն կախաղան է բարձրացվել երկուշաբթի վաղ առավոտյան։ Ըստ դատական գործի նյութերի՝ Շաքուրզադեն հավաքագրվել էր օտարերկրյա հատուկ ծառայությունների մասնագիտացած նախագծի շրջանակում՝ իր մասնագիտական կարողությունների շնորհիվ։ Հանցագործությունը կատարելու պահին նա արբանյակային ոլորտում գործող պետական գիտական կազմակերպություններից մեկի աշխատակից էր։
Քննությունը պարզել է, որ դատապարտյալը կապ է հաստատել թշնամու հետախուզական ծառայությունների, դրանց թվում՝ ԿՀՎ-ի և, հատկապես, «սիոնիստական ռեժիմի հետախուզական-ահաբեկչական ծառայության»՝ «Մոսադ»-ի հետ՝ միաժամանակ շարունակելով աշխատել Իրանի ռազմավարական նշանակություն ունեցող գիտական ինստիտուտում։
Հաստատվել է, որ Շաքուրզադեն օտարերկրյա հետախուզությունների հետ համագործակցել է երեք փուլով։ Նա գիտակցաբար և կամավոր կապ է պահպանել ԿՀՎ-ի և «Մոսադ»-ի գործակալների հետ՝ նրանց փոխանցելով իր տրամադրության տակ եղած տեղեկությունները։ Տվյալները, որոնք նա փորձել է տրամադրել օտարերկրյա հատուկ ծառայություններին, կրել են գաղտնի բնույթ։
Ըստ իշխանությունների հայտարարության՝ Շաքուրզադեն փոխանցել է իրանական ընկերության ներսում իր գործունեության մանրամասները, ինչպես նաև արբանյակային նախագծերին առնչվող բնութագրեր և տվյալներ։ Իր ծառայությունների դիմաց որպես վարձատրություն նա վճարում է ստացել կրիպտոարժույթով։






































