«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում

«Հանրապետություն» կուսակցությունը մայիսի 11-ին քարոզարշավ կիրականացնի Արագածոտնի մարզում։

Կուսակցության ներկայացուցիչները կլինեն Արագածում, Ապարանում, Ոսկեհատում, Ոսկեվազում, Օշականում, ապա 18։00-ին համակիրների հետ կհանդիպեն Աշտարակի հրապարակում։

Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ «Հանրապետություն» կուսակցությունը մյուս ուժերից տարբերվում է նրանով, որ ունի անցյալ և անցել է Հայաստանի երրորդ Հանրապետության կերտման ողջ ճանապարհով։

«Մենք ունենք նպատակներ ու իղձեր։ Մենք առաջարկում ենք հաղթանակ առանց պատերազմի՝ գիտելիքի, աշխատանքի, հայ մարդու նվիրվածության վրա հենվելով»,- նշել է Սարգսյանը։

Նա կարևոր է համարել Հայաստանում ջրամբարների կառուցման հարցը, քանի որ հունիս ամսից արդեն գյուղացին ջրի խնդիր է ունենում, իսկ այդ խնդրի լուծումը կուսակցությունը տեսնում է 14 ջրամբարի կառուցման մեջ։

«Հանրապետություն» կուսակցության առաջնահերթ ծրագրերից է նաև հանքարդյունաբերության զարգացումը։

«Եթե ուզում եք, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը վերածվի լեռնամետալուրգիայի, որ պղնձե խտանյութից ստանանք խողովակ ու հաղորդալար, էլեկտրոնիկայի ապրանքներ, ձեր քվեն մեզ տվեք»,- համակիրների հետ հանդիպմանը նշել է Արամ Սարգսյանը։

«Հանրապետություն» կուսակցության քվեաթերթիկի համարը 11-ն է։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։

«Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Քեզ համար Հայաստան, քեզ համար» կարգախոսով։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 90 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության նախընտրական ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031