Իսրայելը հույս ունի կրճատել ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը ռազմական ոլորտում։ Այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դիտարկում է ամերիկյան ֆինանսական աջակցության կրճատման հնարավորությունը, Իսրայելի վարչապետը պատասխանել է դրական։
«Անկասկած։ Եվ ես այդ մասին ասել եմ նախագահ Թրամփին: Ես ցանկանում եմ զրոյական ցուցանիշների հասցնել ամերիկյան ֆինանսական աջակցությունը՝ մեր ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը։ Որովհետև ամեն տարի մենք ստանում ենք $3,8 մլրդ։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակն է հրաժարվել մնացած ռազմական աջակցությունից»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ նշելով, որ կցանկանար անհապաղ ձեռնամուխ լինել այդ գործընթացին, որպեսզի այն ավարտվի տասը տարվա ընթացքում։
Գործող պայմանագիրը, որի գործողության ժամկետը լրանում է 2028 թվականին, նախատեսում է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին վերոհիշյալ գումարի տարեկան հատկացում։ Սակայն, Բրաունի համալսարանին կից Costs of War Project հետազոտական կենտրոնի տվյալներով, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինված կողմնակիցների իսրայելական տարածք ներխուժումից հետո ընկած ժամանակահատվածում մինչև 2025 թվականի հոկտեմբեր, ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերված ռազմական աջակցության գումարը ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան $21,7 մլրդ։





































