«Մենք ունենք մեծ հայկական սփյուռք, դա արժեքավոր ռեսուրս է։ Նրանք մեր հայրենակիցներն են, սակայն միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են, և նրանց հայացքները պարտադիր չէ, որ համընկնեն այլ վայրերում ապրող իրենց հայրենակիցների հայացքների հետ։ Օրինակ՝ ես չեմ կարծում, որ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի հայերի շահերն ու հայացքները համընկնում են, օրինակ, Ռուսաստանում ապրող հայերի շահերի ու հայացքների հետ։ Եվ ինչն այսօր մեզ համար առավել կարևոր է՝ այդ հայացքները պարտադիր չէ, որ համընկնեն Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող, Հայաստանում ապրող հայերի հայացքների, կարիքների և շահերի հետ», — նշել է նա։
Միրզոյանը հիշեցրել է, որ սփյուռքի մեծ մասը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, որոնք ստիպված էին փախչել և ապաստան որոնել այլ վայրերում։
«Սփյուռքում շատերը ցանկանում են տեսնել պատմական Հայաստանը, որն ունեցել է հարուստ պատմություն, բայց որն այժմ մնացել է միայն որպես երազանք։ Սակայն դա իրական Հայաստանը չէ։ Մենք Հայաստանում ապրում ենք հենց այս կոնկրետ տարածաշրջանում՝ կոնկրետ հարևաններով, և մենք չենք ցանկանում ևս մի տասնամյակ, դար, հազարամյակ ծախսել հարևանների դեմ պայքարի վրա, ևս սերունդներ կորցնել մարտի դաշտում և ապահով ապաստան փնտրել մեկ այլ վայրում։ Հետևաբար, այս իմաստով Հայաստանի քաղաքացիների հայացքներն ու կարիքները կարող են տարբերվել սփյուռքի հայացքներից ու կարիքներից։ Սա հարց է, որը մենք պետք է հասկանանք և գտնենք դրա լուծումը։ Եվ ես վստահ եմ, որ այդ լուծումը կհայտնվի։
Շուտով մեզ մոտ կլինեն խորհրդարանական ընտրություններ, և այս ընտրարշավի շրջանակում քննարկվող թիվ մեկ թեման խաղաղությունն է։ Հետևաբար, բոլոր քաղաքական գործիչները, բոլոր քաղաքական կուսակցությունները, Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է որոշում կայացնեն արտաքին քաղաքականության հայեցակարգի վերաբերյալ։
Մենք մի քանի տասնամյակ փորձել ենք ապրել մեր սեփական աշխարհում՝ մտածելով, թե կխուսափենք ճգնաժամից, եթե դեմ առ դեմ չհանդիպենք նրանց հետ։ Այնուհետև, երբ ճգնաժամը հասավ մեզ, երբ փոթորիկները պատեցին մեզ, մենք հասկացանք, որ սա ճանապարհ է դեպի ոչինչ, սա կարող է սպառնալ Հայաստանի, մեր ինքնիշխանության լիակատար կործանմամբ, և այդ ժամանակ մենք փորձեցինք գործել այլ կերպ՝ հաստատել խաղաղություն և բաց լինել տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։
Մենք Հայաստանում վերապրել ենք փոթորիկներ, ներքին ցնցումներ, և այս իրավիճակից ելքը պետք է մանրակրկիտ քննարկվի։ Քաղաքացիները մեզ կոչ են անում ապահովել խաղաղություն։ Սա այն մանդատն է, որը մեզ տվել է ժողովուրդը», — հավելել է Միրզոյանը։






































