Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ պարգևավճարներ է տվել ՀՈԱԿ-ների աշխատողներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վեդի համայնքի ՀՈԱԿ-ների աշխատակիցները։
«Ուղիղ 4 տարի է՝ Գարիկը համայնքապետ է, բայց ոչ մի տարի Մայիսի 1-ի կապակցությամբ պարգևավճար չենք ստացել, հիմա՝ ընտություններից 1 ամիս առաջ, Աշխատավորի օրվա առթիվ համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր ՀՈԱԿ-ներին՝ մանկապարտեզներ, նախակրթարան, մարզադպրոց, կոմունալ ծառայություն, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցներին 50 տոկոսի չափով պարգևավճարներ է տվել։ Սա ի՞նչ է, եթե ոչ ընտրակաշառք։ Զարմանալի է, որ իրավապահ մարմինները աչք են փակում այս ամենի վրա»,- ասացին մեր զրուցակիցները։
NEWS.am-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Վեդիի համայնքապետարան, սակայն ընդունարանից այսպես էլ չկարողացան աշխատանքային ժամին միացնել համապատասխան պաշտոնյայի աշխատասենյակ։
Նշենք, որ Վեդի համայնքի ղեկավար ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի սանիկն է։






































