Հռոմի պապի դեմ հարձակումներն անընդունելի են և չեն նպաստում խաղաղության գործին, հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին:
«Ես վերահաստատում եմ իմ աջակցությունը Լևոն պապի յուրաքանչյուր գործողությանն ու խոսքին: Դրանք վկայություններ են հանուն երկխոսության, մարդկային կյանքի արժեքի և ազատության: Այդ տեսլականը կիսում է նաև մեր կառավարությունը, որը ձգտում է դիվանագիտության օգնությամբ ապահովել կայունություն և խաղաղություն բոլոր այն ոլորտներում, որտեղ կան հակամարտություններ»,- X սոցիալական ցանցում գրել է Իտալիայի արտգործնախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին քննադատել էր Հռոմի Լևոն XIV պապին՝ մեղադրելով քահանայապետին, որ նա «վտանգի է ենթարկում բազմաթիվ կաթոլիկների», քանի որ «կարծում է, թե Իրանի մոտ միջուկային զենքի առկայությունը նորմալ է»։
Ամերիկյան Salem News network ալիքի հայտնի պահպանողական հաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել էր, որ Հռոմի պապը «նախընտրում է խոսել այն փաստի մասին, որ Իրանում միջուկային զենքի առկայությունը նորմալ է, և ես չեմ կարծում, որ դա շատ լավ է»։
«Կարծում եմ՝ նա վտանգի է ենթարկում բազմաթիվ կաթոլիկների և շատ այլ մարդկանց։ Բայց ես կարծում եմ, որ եթե դա կախված լիներ Հռոմի պապից, նա կհամարեր, որ Իրանին պարզապես անհրաժեշտ է միջուկային զենք ունենալ»,- հավելել էր ԱՄՆ նախագահը։
Հռոմի պապը երբեք չի ասել, որ Իրանը պետք է միջուկային զենքի տիրապետի, սակայն բազմիցս հանդես է եկել այդ երկրում պատերազմի և դրան հաջորդած Լիբանանում ու ընդհանուր Մերձավոր Արևելքում հակամարտության սրացման դեմ՝ հրադադարի և երկխոսության կոչ անելով։






































