Մակրոնը կոչ է արել պահպանել Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը և նվազեցնել արտաքին խաղացողներից կախվածությունը

Մակրոնը կոչ է արել պահպանել Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը և նվազեցնել արտաքին խաղացողներից կախվածությունը
Ըստ նրա՝ խոսքը ոչ միայն անվտանգության ու պաշտպանության, այլև ավելի լայն ուղղությունների մասին է, ներառյալ էներգետիկան, պարենային անվտանգությունը, տիեզերքն ու կիսահաղորդիչների արտադրությունը։

Մակրոնն ընդգծել է, որ ռազմավարական կարևորության ճյուղերում այլ երկրներից չափից ավելի կախված լինելը Եվրոպային խոցելի է դարձնում։ Նա հիշեցրել է, որ նմանատիպ ռիսկերն արդեն իսկ ի հայտ են եկել COVID-19 համավարակի ժամանակ, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին, որը բացահայտել է Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։

Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև անվտանգության ոլորտում այսպես կոչված «ամերիկյան հովանոցի» թեմային՝ նշելով, որ այս հարցը շարունակում է զգայուն մնալ եվրոպական երկրների համար։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ, չնայած ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններին, Եվրոպան պետք է ուժեղացնի սեփական անկախությունը՝ հաշվի առնելով նաև Չինաստանից ունեցած կախվածությունը։

Նա նշել է, որ աշխարհաքաղաքական սպառնալիքներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է արտադրությունների մի մասը տեղափոխել Եվրոպա, դիվերսիֆիկացնել գործընկերային կապերը և ամրապնդել մատակարարման շղթաները։

Առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով գլոբալ հակամարտությունների սրման վտանգին՝ Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ հատկապես ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը կարող է է՛լ ավելի ակնհայտ դարձնել առկա կախվածությունները։

Մակրոնը նաև հավելել է, որ Եվրոպան ունի զգալի առավելություններ, այդ թվում՝ ժողովրդավարական արժեքների, միջազգային իրավունքի, ազատ առևտրի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի հանդեպ հավատարմությունը։ Սա, ըստ նրա, Եվրոպային ավելի կանխատեսելի ու վստահելի գործընկեր է դարձնում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի երկրների համար։

Ելույթի զգալի մասը նվիրված է եղել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մակրոնի խոսքով՝ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ այդ տարածաշրջանում կայունության և ազատ առևտրի ապահովման հարցում՝ կիրառելով դիվանագիտական ու տնտեսական գործիքներ։

Նա նշել է, որ այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ համատեղ, և վստահություն է հայտնել, որ Եվրոպան ի վիճակի է հանդես գալ որպես հուսալի միջնորդ։

Եզրափակելով խոսքը՝ Մակրոնն ընդգծել է, որ չնայած բազմաթիվ մարտահրավերներին, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակին, եվրոպական երկրները պետք է գործեն միասնական ձևով՝ ռազմավարական ինքնուրույնության հասնելու և համաշխարհային ասպարեզում սեփական դերն ամրապնդելու համար։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031