Մեր թիմում կան կարմիր գծեր. օրինակ, ես չեմ կարողանում ստել. Ռոբերտ Քոչարյան

Եթե խոսքը բարեկեցիկ, ժողովրդավարական երկիր դառնալու մասին է, որտեղ քաղաքացին իրեն լավ է զգում, պաշտպանված է զգում, այո, դա անկասկած հնարավոր է կառուցել։ Այս մասին երիտասարների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք երբևէ Հայաստանը կդառնա Եվրոպա, թե ոչ։

«Լավ է, որ մեր քաղաքական թիմը ունի կարմիր գծեր և չի ուզում այդ արժեքային համակարգի վրայով անցնի։ Օրինակ ես չեմ կարող այդ սկզբունքների վրայով անցնել, որ չեմ կարում ստել, որովհետև մտածում եմ՝ բա, որ հանկարծ սուտս բռնվի, հաջորդ անգամ գետինը պիտի մտնեմ։ Դրա համար այսքան տարի քաղաքականության մեջ ոչ մեկը չի կարող ասել, որ ես մի բան եմ ասել, հետո մեկ ուրիշ բան եմ ասել, հետո լրիվ երրորդ բան եմ ասել, կամ ստել եմ»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ իր իշխանության տարիներին PR չի արել իր գործունեությունը, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Դուք որ գնում եք, օրինակ բանկոմատից 100 հազար դրամ փող եք ստանում ձեր հաշվից, դուք բանկոմատին շնորհակալությո՞ւն եք հայտնում։ Չեք հայտնում, չէ՞։ Հիմա պետական բյուջեից՝ ժողովրդի հարկերից փող է հավաքվում, ինչ-որ մի բան է սարքվում, հետո ինչու պիտի այդ մարդուն շնորհակալություն հայտնել։ Ես այդպես էի մտածում։

Կոպիտ ասած, ես չեմ գնացել ուրիշ բիզնեսում փող աշխատել, եկել իմ գրպանից ինչ-որ մի լավ բան եմ անում, որ գան ինձ շնորհակալություն հայտնեն, ես էլ ամբողջ օրը կրչկրչան հավի նման դրա մասին խոսեմ։ Պետական բյուջեն մեր քաղաքացիների վաստակած գումարներից, հարկերի ձևով հավաքագրված գումար է, որով պետությունը, կառավարությունը պարտավորվում է ծրագրեր իրականացնել և իրականացնում է։ Դա սարքել չգիտեմ ինչ, անկեղծ ասած ուղղակի ինձ համար անընդունելի, անհասկանալի է, դրա համար ես դա չէի անում։ Հիմա ի՞նչ, ամեն օր դրա մասին պիտի խոսե՞նք, ամոթ է»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031