Զելենսկին հայտարարել Է, որ Պուտինը պատրաստ է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը

Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա դեռևս մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք պետք է մոռանանք եվրոպական ընդհանուր թերահավատության մասին, թե իբր [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինը նախ ուզում է օկուպացնել Ուկրաինան, իսկ հետո նոր կարող է գնալ ուրիշ տեղ։ Նա կարող է անել և՛ մեկը, և՛ մյուսը միաժամանակ», — ասել է Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա խոսքերի՝ Ռուսաստանի ներխուժումը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից մեկը դառնում է ավելի ու ավելի հավանական, քանի որ ռուսական բանակը Ուկրաինայում առաջխաղացում չունի։

«Պուտինն իրական հաջողության տեսանկյունից փակուղու մեջ է։ Նրա համար սա ավելի շուտ փակուղային իրավիճակ է։ Ուստի այս անհաջողությունները կարող են նրան մղել այլ տարածքներ փնտրելու», — պարզաբանել է Զելենսկին։ Նա ռուսական անօդաչու թռչող սարքերի և կործանիչների ներխուժումը Լեհաստանի, Ռումինիայի և Էստոնիայի օդային տարածք կապել է նրա հետ, որ Ռուսաստանը չի կարողանում լուծել ռազմական խնդիրներն Ուկրաինայում։ Զելենսկին նշել է, որ Մոսկվան արդեն «հիբրիդային պատերազմ է վարում Եվրոպայի դեմ» և ստուգում է ՆԱՏՕ-ի կարմիր գծերի ամրությունը։

Մինչ այդ Գերմանիայի միացյալ օպերատիվ հրամանատարության ղեկավար Ալեքսանդր Զոլֆրանկը զգուշացրել էր, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Ընդ որում, նա նշել էր, որ ռուսական բանակի ռեսուրսները կբավականացնեն միայն սահմանափակ հարվածի համար, քանի որ այն «չափազանց զբաղված է Ուկրաինայում»։ Զոլֆրանկն ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու Մոսկվայի որոշումը, կախված կլինի եվրոպական երկրների պահվածքից և ագրեսիային դիմակայելու նրանց պատրաստակամությունից։ Ըստ նրա խոսքերի՝ տարբեր սադրանքների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով, Ռուսաստանը ձգտում է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի արձագանքը և ստուգել դրա կայունությունը։

Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկված եվրոպական երկրները բացահայտ նախապատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի։ Նրա խոսքով՝ նրանք պատրաստվում են «սեղմ ժամկետներում» անհրաժեշտ ամեն ինչով ապահովել դաշնակցային արագ արձագանքման ուժերին, ինչպես նաև արդեն գործարկել են ռազմական արտադրանքի «թողարկման ծավալները բազմապատիկ ավելացնելու» գործընթացը։ Բացի այդ, իրականացվում է մոբիլիզացիոն միջոցառումների մշակում և «բնակչության զոմբիացում՝ Մոսկվայի կողմից անխուսափելի ագրեսիայի մասին քարոզչությամբ», նշել էր Նարիշկինը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հավաստիացրել էր, որ դաշինքը կարող է արդյունավետորեն զսպել Ռուսաստանը, քանի որ դրա կազմի մեջ մտնող երկրների ընդհանուր տնտեսությունը 25 անգամ մեծ է ռուսականից։ Նա նաև նշել էր, որ ռազմական դաշինքը Մոսկվային դիմադրում է 70-80 տարի և գիտի, թե ինչպես ճիշտ արձագանքել ռուսական սադրանքներին։ Միաժամանակ Ռյուտեն Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ էր արել ավելի շատ միջոցներ ծախսել պաշտպանության վրա, քանի որ Պուտինը, ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի պատերազմը, պատրաստ է զոհաբերել մեկ միլիոն մարդ և հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930