Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։
Գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշել է, որ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում՝ միաժամանակ ապահովելով իրավական հիմքերը։
Խաչատրյանը հավելել է, որ առաջարկվում է 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։
Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջարկել է հարցն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ:
«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»,- ասել է Ավինյանը: