Մեծանուն աշուղ Ջիվանու հայրենի գյուղում մեծ շուքով նշվեց «Ջիվանու օր» ամենամյա տոնակատարությունը. (լուսանկարներ)

Հուլիսի 30-ին մեծանուն աշուղ Ջիվանու հայրենի գյուղում (Ախալքալաքի շրջանի գ․Կարծախ) մեծ շուքով նշվեց «Ջիվանու օր» ամենամյա տոնակատարությունը:

Տոնակատարությանը ներկա էին պետական պաշտոնատար անձինք, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Հայաստանից, ՌԴ-ից և ԱՄՆ-ից:

Ջիվանու կիսանդրու մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի Աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որը հիմնադրվել է ՋԱՀ-ի կողմից 2016-2017թթ:  Ներկաները շրջեցին տուն-թանգարանում և ծանոթացան մեծանուն աշուղի թողած ժառանգությանը:

Տուն-թանգարան այցելությունից հետո հյուրերին սպասվում էր համերգային ծրագիր։

Ներկաներին իրենց ողջույնի խոսքը փոխանցեցին Սամցխե-Ջավախեթիի մարզպետի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Ախալքալաքի սակրեբուլոյի փոխնախագահ Համլետ Մովսիսյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաղարշակ Փիլոսյանը, տնօրեն Սամվել Մկոյանը և Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Սաղաթելյանը։

Իրենց անզուգական կատարումներով հանդես եկան ջավախքցի սիրված երգիչ Մավր Մկրտչյանը, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, Ախալքալաքի Մշակույթի տան «Ջավախք» երգի, պարի համույթը՝ աշուղ Ալիք Ջավախքի ղեկավարությամբ և Աշուղ Լեյլին: Հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված ստեղծագործությունները և ներկայացվեցին հայկական, վրացական ազգագրական պարեր։

 Միջոցառումն իրականացվեց Ախալքալաքի քաղաքապետարանի, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հետ համատեղ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30