Տիկին դեսպան, Հայաստանում ազատ խոսքը բանտարկված է, հերիք է լռեք. ակցիա` ԱՄՆ դեսպանության մոտ

Մի խումբ քաղաքացիներ AntiFake.am-ի խմբագրակազմի հետ միասին բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանության մոտ` hաջակցություն «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանի, որոնք արդեն 47 օր է անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար:

Այս մասին հայտնում են AntiFake.am-ից․

«Ակցիայի մասնակից Դավիթ Ֆիդանյանը նշել է, որ դեսպան Քրիստինա Քվինը չի արձագանքել քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակին: Ֆիդանյանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Crazy Son of bitch» էր անվանել ՌԴ նախագահ Պուտինին, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ոչ պակաս սուր բառապաշար է օգտագործել իր ընդդիմախոսների նկատմամբ` «Dumb Son of Bitch», «Sleeping Son of Bitch» և այլն:

«Տիկին դեսպան, եթե փաշինյանական ռեժիմի տրամաբանությամբ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, ովքեր ընդամենը փոդքասթի շրջանակներում քննադատել են երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող պատուհասի քաղաքականությունը, խուլիգաններ են, արդյո՞ք ԱՄՆ նախագահները նույնպես խուլիգաններ են: Եթե ոչ, ապա ինչու՞ եք Դուք շարունակում լռել ռեժիմի կողմից քաղաքական բռնաճնշումների դեպքերի մասին»,- նշել է Ֆիդանյանը:

Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո:

Հատկանշական է, որ միջազգային այն կազմակերպությունները և կառույցները, որոնք նախկինում առիթը բաց չէին թողնում Հայաստանի ժողովրդավարության հետընթացի, խոսքի ազատության սահմանափակումների, քաղաքական բանտարկյալների, քաղաքական հետապնդումների մասին հայտարարություններ անելու համար, հրապարակային որևէ հայտարարություն չեն անում մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային դեմքերին քննադատության համար անազատության մեջ պահելու կապակցությամբ։ Այդ կառույցների թվում առաջամարտիկ Հայստանում ԱՄՆ դեսպանությունը նույնպես հրապարակայնորեն չի արձագանքում տեղի ունեցողին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի արձագանքել ՀՀ-ում քաղաքական հայացքների համար հետապնդվող Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սղաթելյանի անազատության մեջ պահվելու դեպքերին։ ԱՄՆ դեսպանը չի արձագանքել նաև վերջին շրջանում ոստիկանական բռնություններին և հատկապես քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումներին:

ԱՄՆ-ն ոչ միայն հետևողական չէ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների և ժողովրդավարության հետընթացի նկատմամբ, այլև սեղմում է Բաքվի արյունոտ բռնապետի ձեռքը: Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է օկուպացված Շուշի: Լիբբին, ով այցելել էր Ալիևի կողմից օկուպացված Արցախ, լռում է նույն այդ ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտման և մինչև այսօր շարունակվող հայկական մշակութային ցեղասպանության մասին: Լիբբին նաև լռում է Բաքվի բանտերում տանջվող հայ ռազմագերների և հայ ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների հարցերի մասին:

Ուստի, ակցիայի մասնակիցները Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ պահանջել են դադարել լռել Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, ազատ խոսքի նկատմամբ հալածանքների վերաբերյալ և պահանջել են խոսքի ազատության իրավունքի վերականգնման, ինչպես նաև ռեժիմի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումները վերջ տալու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել։ Ակցիայի մասնակիցները պահանջել են նաև գործուն միջամտություն ունենալ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների և հայ ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների շուտափույթ ազատ արձակման հարցում»,- նշված է խմբագրության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031