Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձավ վերջին շրջանում խորհրդարանական ընդդիմության առաջ բերած և բերվող տաբեր մեկնաբանություններին, որոնք կապված են Տավուշում սահմանազատման գործընթացի հետ:

Պատգամավորը մասնավորապես արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարություններին, որում նա իշխանություններին մեղադրել է «հողեր հանձնելու և դավաճանությունների համար»:

Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմությունը շարունակում է կրկնել այն նույն թեզերը, ինչ 2018 թվականի հեղափոխությունից հետո. մեղադրում են Լեռնային Ղարաբաղը, այժմ Տավուշի սահմանամերձ՝ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու համար:

Ըստ նրա՝ պատմությունը ցույց է տալիս՝ ո՞վ, ինչպե՞ս և ե՞րբ է հանձնել Լեռնային Ղարաբաղը և ամեն բան արել 44-օրյա պատերազմում հայկական կողմի ձախողման համար:

Վերջինս հիշեցրեց՝ ընդդիմությունն ի սկզբանե դեմ է եղել միջազգային հովանու ներքո ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկխոսությանը, որտեղ հնարավոր կլիներ հասցեագրել ԼՂ ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության հարցերը: Հովհաննիսյանը նկատեց՝ ընդդիմությունը նախապատրաստում էր «պալատական հեղաշրջում», որը չհաջողվեց:

«Դեմ էր, սակայն միևնույն ժամանակ չէր առաջարկում ոչինչ։ Մեկ էլ հանկարծ հնչեց զանգ: Ե՛վ զանգի, և՛ ընդդիմության համատեղ ջանքերի պատճառով ԼՂ ներկայացուցիչները չգնացին միջազգային հովանու ներքո կազմակերպված հանդիպմանը: Չգնացին: Վախեցան: Ու այս խմբակը, որ այսօր կոչվում է ընդդիմություն, այդ գործի մեջ էր ամբողջությամբ: Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը նման բան արեց. որ այդ երկխոսությունը տեղի չունենա, որովհետև այդպես ձեռք չէր տալիս նրանց տերերին: Որովհետև, եթե տեղի ունենար այդ երկխոսությունը, նրանց տերերը որտե՞ղ պետք է տեղակայվեին, ո՞ւմ պետք է փրկեին: Պարզ է, չէ՞: Դրանից հետո արեցին «պալատական հեղաշրջում»: Արցախի խորհրդարանի դաշնակ պատգամավորներով ինչ-որ մեկին նշանակեցին նախագահ՝ վերջնականապես փակելով երկխոսությունը ԼՂ ժողովրդի համար, իսկ երկխոսության կողմնակիցներին անվանեցին դավաճաններ: Դաշնակների նշանակած նախագահը մի քանի օր անց, երբ լուծարեց ԼՂ-ն, և այլևս ոչինչ հնարավոր չէր խոսել հայ ժողովրդի իրավունքների մասին, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանվում էր Լաչինի միջանցքով, հենց այդ պահին ուղղաթիռով՝ ԼՂ ժողովրդի գլխի վրայով թռչելով՝ դեսանտ իջավ Հայաստան: Պարզ է, չէ՞, ով էր դա կազմակերպել, իսկ հիմա գլխներից մեծ հայտեր են ներկայացնում, փողեր են ուզում»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով՝ Սոֆիայում կազմակերպված հանդիպումը հիմա դիտարկում է որպես պատմական շանս, քանի որ ԼՂ հայությունը միգուցե կարողանար ապրել իր հողում:

Դիմելով ընդդիմությանը՝ պատգամավորն ասաց. «Բայց ձեր՝ հայկական պետականությանն ու հայ ժողովրդին վնասելու մոտիվացիան այնքան մեծ էր, որ չհաշվարկված քայլերի պատճառով լուծարեցիք ԼՂ-ն, ինչի պատճառով ռուս խաղաղապահները լքեցին Լեռնային Ղարաբաղը: Հետո մեզ մեղադրում եք մեր դաշնակիցներին վնասելու համար: Դուք այնպես արեցիք, որ ռուս խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից, հիմա էլ պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից: Տեղակայման վա՞յր եք ման գալիս: Սա է ձեր պատվերն այս պահին: Դուք դրան եք լծված հիմա: Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ֆիքսեն այս ամենը և չտրվեն այս դավաճանների լոզունգներին, կենացներին և պատմական Հայաստանի մասին մոլորություններին։ Ես վստահ եմ՝ դուք ձեր արժանի պատիժը կստանաք, եթե ոչ օրենքի ողջ խստությամբ, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ Աստված ձեզ կպատժի, և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու»։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածի մասին առաջին հերթին պետք է իմանան ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները, թե ինչպես են նրանք (- խմբ․ ընդդիմադիրները) զրկել իրենց տներում ապրելու վերջին հնարավորությունից՝ հանուն իրենց տերերի:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031