«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը», որը հիմնադրվել է 1950-ական թվականներին եւ գործում է առ այսօր, կարող է փակվել, եւ շուրջ 60 աշխատակից մնալու է անգործ:
Առաջին հայացքից թվում է, թե մերօրյա Հայաստանում նոր բան չէ գործող բժշկական կենտրոն փակելը՝ առանց հիմնարար վերլուծությունների եւ տեսլականի՝ պարզաբանելով, թե «բժշկական ծառայությունների հասանելիության, որակի, մատչելիության նպատակով է արվում»:
Նմանօրինակ աղմուկ էլ Գավառի բժշկական կենտրոնի շուրջ էր ծավալվել, որին «Ժողովուրդ» օրաթերթը օրերս անդրադարձել էր։ Ամեն ինչ այդքան պարզունակ չէ, եւ երբ ավելի հանգամանորեն ենք ուսումնասիրում եղելությունը, նկատում ենք «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի փակման ե՛ւ պատճառները ե՛ւ շարժառիթները:
Երեւանի քաղաքապետարանը վերջերս իրականացրած ԲԿ-ների, պոլիկլինիկաների օպտիմալացման ծրագրի մեջ հատկապես «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն որեւէ հիմնարկի հետ չի միավորել, ընդհակառակը՝ գործող ծառայությունը որոշվել է լուծարել՝ փակել: Ավելի հասկանալի կլիներ, եթե Երեւան քաղաքի ավագանու՝ 2022 թվականի հոկտեմբերի 18-ի ««Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու եւ «Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ին միացման ձեւով վերակազմակերպելու մասին» հ.651-Ա որոշման մեջ ներառված լիներ նաեւ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն, եւ եթե հիշենք, որ ծննդատան տեղակայումը շատ մոտ է, ու ոչ վաղ անցյալում «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի հետ 8-րդ հիվանդանոցի կազմում է եղել, ապա ծննդատունը փակելը անտրամաբանական է: Իհարկե, այս ամենին եւս կա բացատրություն.
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ մինչեւ 2023 թվականը «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի բացումը տեւական ժամանակ քննարկվում էր. առողջապահական հանրությունը խոսում էր նոր, իր նմանը չունեցող, միջազգային ստանդարտներով մոր եւ մանկան առողջության ծառայությունների կենտրոնի բացման մասին, եւ, բնականաբար, սեփականատերերը նախապատրաստվում էին բոլոր ուղղություններով: «Ուիգմորի» մուտքը առողջապահական համակարգ պետք է լիներ անխոչընդոտ, սակայն այս հիվանդանոցին աննախադեպ շատ՝ 600 մլն դրամի պետական պատվերի տրամադրումը առողջապահության նախարարության կողմից, որը իրականացվել է այլ կլինիկաների գումարները իջեցնելու հաշվին, աննկատ չմնաց ո՛չ լրատվամիջոցների, ո՛չ էլ իրավապահ մարմինների կողմից:
Նախնական պլանները ամբողջությամբ չստացվեցին, եւ հենց այդ պատճառով ծննդօգնության համար առողջապահության նախարարը մշակեց այլ մարտավարություն: Որոշեց ռիսկի չգնալ եւ 2023 թվականին իր սիրելի «Ուիգմորին» ծննդօգնության պետական պատվեր չտրամադրել: Բայց դա մեր երկրի որդեգրած մարտավարությանն է հակասում, քանի որ, ստացվում է, որ առաջին անգամ ՀՀ-ում ծավալվում են ծննդօգնության վճարովի ծառայություններ, իսկ մենք խթանում ենք անվճար ծննդօգնության ծրագիրը:
Բայց իրականում «Ուիգմոր» բժշկական կենտրոնը դժվար թե վճարովի ծննդօգնություն երկար ժամանակ ցուցաբերի, քանի որ Երեւանի քաղաքապետարանը ոչ թե օպտիմալացնում, այլ փակում է «Ուիգմորի» ծննդատան հարեւանությամբ մեկ այլ ծննդատուն՝ ճանապարհ հարթելով արտոնյալի կոչում ունեցող «Ուիգմոր» կլինիկայի համար:
Իհարկե, պետության, քաղաքային տնտեսության տեսանկյունից տրամաբանական կլիներ, եթե Երեւանի քաղաքապետարանը զարգացներ իր ենթակայության տակ գտնվող բժշկական ծառայությունները եւ 60 աշխատակցի չթողներ առանց աշխատանքի, բայց «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի» բիզնես ծրագիրն ավելի կարեւոր է, եւ թեեւ 2023 թ. ծննդօգնության պետական պատվեր չեն ստացել, ամեն դեպքում նրանք իրականում հող են նախապատրաստում հետագա անխոչընդոտ պետական պատվերով ծննդօգնության համար՝ տարածքից վերացնելով մրցակցին:
Իհարկե, Անահիտ Ավանեսյանի հնարամտությունն ընդունելի կլիներ, եթե նա այդպես վերաբերվեր պետական ծրագրերին՝ էլեկտրոնային դեղատոմս, առաջնային օղակի բարեփոխում, առողջության ապահովագրություն, պայքար վիրուսային հիվանդությունների դեմ եւ այլն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում