ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։
Հանդիպման առանցքում են եղել դատական համակարգի բարեփոխումները․ ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխությունները և առաջիկա անելիքները՝ կարևորելով ինչպես կատարված օրենսդրական բարեփոխումները, այնպես էլ այն փաստը, որ արդեն իսկ գրեթե 100 տոկոսով համալրված են դատավորների հաստիքները, ինչն իր հերթին կնպաստի դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափմանը և գործերի քննության ժամկետների կրճատմանը։

Խոսվել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին։
Անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 12-ին Երևանում կայացած ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, նշվել է, որ այն կարող է կարևոր նախադրյալ հանդիսանալ ԱՊՀ երկրների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ դատական ոլորտում հետագա համագործակցության ամրապնդման և զարգացման համար։

Հատկանշական է, որ այս համագործակցության շրջանակներում ԱՊՀ երկրների դատավորները կարող են վերապատրաստումներ անցնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության ակադեմիայում։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված համագործակցությունը նաև դատական ոլորտում։

Պատրաստկամություն է հայտնել աջակցել դրա խորացմանը՝ մասնավորապես դատավորների վերապատրաստումների ոլորտում երկու երկրների արդարադատության ակադեմիաների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031