Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։

Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Հիշեցնենք՝ Դաղստանում ահաբեկչություն է տեղի ունեցել․ զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայություն մատուցած հայր Նիկոլայը։

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։ Հարձակման դրդապատճառները հայտնի չեն:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930