Բաքուն «անհիմն» է որակում Ֆրանսիայի ԱԳ նախարարի մեղադրանքները

Պաշտոնական Բաքուն «անհիմն» է որակում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարի հնչեցրած մեղադրանքները և կոչ անում Փարիզին «դադարեցնել ապակառուցողական գործունեությունը»:

Այդ մեղադրանքները, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում, «տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի հերթական ակնհայտ օրինակն են»:

Բաքվի պնդմամբ՝ «ադրբեջանական հողերը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ պահած Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը <...> վկայում է, թե որքան կեղծ էր Ֆրանսիայի վարած քաղաքականությունը թե՛ նրա միջնորդության շրջանում, թե՛ 44-օրյա պատերազմից հետո»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն անթույլատրելի է համարում «Հայաստանին լայնորեն վերազինող և տարածաշրջանում միլիտարիզմը խրախուսող» Ֆրանսիայի կողմից Բաքվին ագրեսիվ հռետորաբանության մեջ մեղադրելը:

«Այն ժամանակ, երբ Ադրբեջանը որպես Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) կազմակերպիչ պատասխանատու դեր է իրականացնում, մենք համարում ենք, որ Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի համար ավելի շահեկան է խուսափել երկրի իմիջի խաթարմանն ուղղված և մեր նախագահությունը թիրախավորող նման կոչերից», — նաև հայտարարում է Բաքուն:

Ստեֆան Սեժուրնեն երեկ Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծել է, մասնավորապես, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Մտահոգություն է հարուցում Ադրբեջանի հռետորաբանությունը, որը փորձում է կեղծ տեղեկատվություն տարածելով Հայաստանի վրա բարդել էսկալացիայի պատասխանատվությունը», — հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930