«Սրբազան պայքար» շարչժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Մեղադրանք է առաջադրվել Բագրատ սրբազանին։ Նա անցնում է այն հոդվածներով, ինչը քննչական կոմիտեն հայտարարել է՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման նախապատրաստում։ Նա ձերբակալվել է 24-ժամյա ռեժիմով, և այդ ժամկետի ընթացքում նրան պետք է տանեն դատարան։ Կալանքի միջնորդություն է ներկայացվելու»,- նշել է Հարությունյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանն ընդգծել է, որ և՛ ինքը, և՛ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը համարում են քաղաքական հետապնդում։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման շրջանակում նախապատրաստվել է իշխանության յուրացման և ահաբեկչության ծրագիր։ ՔԿ հրապարակած ձայնագրություններում հնչում են ենթադրաբար Գալստանյանի և շարժման այլ անդամների խոսքերը՝ պետական համակարգը կաթվածահար անելու, քաոս ստեղծելու և փոքր խմբերի միջոցով արագ ուժային գործողություններ իրականացնելու մասին։